ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի 4 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու հավակնություններ ունեցողների կազմը մոտավորապես   հայտնի է: Հայ ազգային կոնգրեսը, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, այս անգամ, ամենայն հավանականությամբ, ակտիվորեն մասնակցելու է:
Կոնգրեսի տեղի գրասենյակի պատասխանատու Աշոտ Զաքարյանը  «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ առավելագույնը 2-3 օրից հստակ կհայտնեն, թե ով որ ընտրատարածքում կպայքարի. «Ամենայն հավանականությամբ, բոլոր 4 ընտրատարածքներում թեկնածուներ կունենանք: Մտավախություն չունենք, որ այս կամ այն ընտրատարածքում չենք հաղթի մյուս թեկնածուներին: Կոնկրետ ես 33-ում կառաջադրեմ թեկնածությունն, թե ոչ, 100 տոկոսով չեմ կարող ասել»:
Նշենք, որ թիվ 33 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու են  ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ ՀՀԿ ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը: Այս երկուսը մարտի 12-ին հայտարարեցին, որ հաստատ որոշված է, որ առաջադրվելու են: Ի դեպ, պատահականություն, թե դիտավորություն էր, բայց հենց մարտի 12-ին Գյումրի էր այցելել Աշոտ Աղաբաբյանը: Նա ուղեկցում էր լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալեւային, ով Գյումրի էր եկել իր տեսասկավառակի շնորհանդեսին մասնակցելու, դե իսկ Աշոտ Աղաբաբյանն էլ ամենուր նրա կողքին էր` կանգնած  տեսախցիկների առջեւ: Աղաբաբյանն իր առաջադրումը բացատրեց նրանով, որ  անելիքներ շատ ունի մեր մարզում. «Կիսատ գործ չեմ ուզում թողնեմ, շարունակել ա պետք»:
Իսկ թիվ 33-ում ԲՀԿ պատասխանատու Վարդեւան Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ  առաջիկայում քաղխորհրդի նիստ են գումարելու եւ դարձյալ մի քանի օրից հստակ կհայտնեն` որտեղ ում թեկնածությունն է սատարելու կուսակցությունը: Իր առաջադրման մասին Վարդեւան Գրիգորյանը եւս գերադասեց լռել. «Հարցերին կկարողանամ պատասխանել կուսակցության քաղխորհրդի որոշումից հետո` մի քանի օրից»:  
Թիվ 34-ում քաջ հայտնի է, որ կմրցեն ԲՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանը եւ ՀՀԿ-ի աջակցությունն ունեցող գործարար Արման Սահակյանը: ՀԱԿ-ից այստեղ, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի ՀՀՇ կուսակցության անդամ Մուրադ Գրիգորյանը:
Թիվ 35-ում արդեն իսկ առաջադրվել է ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Նա, ի դեպ, առաջինն է փաստաթղթերը ներկայացրել ԸԸՀ-ին:  ՀԱԿ-ից, հավանաբար, այս ընտրատարածքում առաջադրվի Գյումրու ավագանու նախկին անդամ, նախկին ՕԵԿ-ական Հրաչ Մելքոնյանը:
Թիվ 36-ում սպասում են 4 դիմումի: Այստեղ իր թեկնածությունը կառաջադրի Արթիկի քաղաքապետի եղբայրը` Մխիթար Վարագյանը: Նրա թեկնածությունը կսատարի ՀՀԿ-ն: ԲՀԿ քաղխորհրդի նիստում գուցե որոշում կայացվի, որ կուսակցությունն այստեղ սատարելու է Մուշեղ Պետոյանին: Մեղրաշենի գյուղապետ, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը եւս, հնարավոր է, համալրի թեկնածուների ցանկը, իսկ ՀԱԿ-ից շրջանառվում են մի քանի հոգու` Պետրոս Մակեյանի եղբոր` Վարդան Մակեյանի, Սեւակ Սաղաթելյանի եւ Հարություն Ուռուտյանի անունները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս