«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության անունը վերստին շոշափվում է քրեական իրադարձությունների համատեքստում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին օրերս կալանավորել են:
Արդեն երկար ժամանակ է, ինչ պարբերաբար լուրեր են պտտվում «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ առ այն, որ բանկը խնդիրներ ունի, եւ այդ հարցով ակտիվ գործունեություն են ծավալում իրավապահները: Հիշեցնենք՝ դեռեւս այս տարվա մարտի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ էր վարում «Հայբիզնեսբանկ»-ի հետ՝ այն ձեռք բերելու նպատակահարմարության շուրջ:
Եվ ահա, ինչպես պարզվում է, «շաբաթն ուրբաթից շուտ է եկել»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երբ Հովիկ Հովսեփյանի եղբայրը սկսել է բանկի գնման գործընթացը, նախեւառաջ աուդիտորական կազմակերպության միջոցով փորձել է պարզել է, թե ինչ իրավիճակ է բանկում: Աուդիտորների այդ գործունեության արդյունքում ի հայտ է եկել, որ բանկը, մեղմ ասած, կանգնած է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ: Հակոբ Հովսեփյանի կողմից բանկ գործուղված աուդիտորներն ամիսների իրենց աշխատանքի ընթացքում պարզել են, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել, ավելին՝ եղել են աշխատակիցներ, որոնք ինչ-ինչ մարդկանց առանց գրավի վարկեր են տրամադրել, եւ դա էլ դեռ քիչ չէ, բանկի որոշ աշխատակիցներ բանկի փողերով գնացել են խաղատուն եւ մսխել այն:
Այս ամենը պարզելուց հետո Հակոբ Հովսեփյանը կարծես թե հրաժարվել է «Հայբիզնեսբանկ»-ը գնելու մտքից: Փոխարենը բանկով սկսել են զբաղվել սեփականատերերը՝ այնտեղ առկա իրավիճակի մասին տեղյակ պահելով իրավապահներին:
Մեզ հասած տեղեկություններով՝ նախորդ շաբաթ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Արա Կիրակոսյանը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ դատարանի կողմից կայացրած որոշման հիման վրա կալանավորվել: Իսկ թե կոնկրետ ինչ հոդված է նրան առաջադրվել, եւ որն է նրա մեղքը, ԱԱԾ-ից առայժմ չեն հայտնում: «Ժողովուրդ»-ին ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց «Հայբիզնեսբանկ»-ից պարզել, թե ինչու են Արա Կիրակոսյանին կալանավորել, եւ, առհասարակ, ինչ յուրացումների մասին է խոսքը. արդյո՞ք դրանք կարող են բերել բանկի սնանկացման: Բանկից մեզ հայտնեցին, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն բանկի նախկին նախագահի կալանավորման մասին. «Նա մեզ մոտ երկու ամիս է, ինչ չի աշխատում, մենք որեւէ բան չգիտենք նրա մասին: Իսկ բանկը սնանկացման եզրին կանգնած չէ: Մենք նորմալ աշխատում ենք»:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Արա Կիրակոսյանը լքել էր պաշտոնը, եւ բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կիրակոսյանի տեղակալ Արսեն Միքայելյանը: Իսկ թե ինչն էր եղել կոնկրետ Կիրակոսյանի հրաժարականի պատճառը, բանկը մինչ օրս զերծ է մնում մեկնաբանություններից, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցում:
Թե ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, դժվար է կանխատեսել: Սակայն հարկ ենք համարում նշել, որ օգոստոսի 30-ին «Հայբիզնեսբանկ»-ի Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը մեծ գումար էր վերցրել բանկից եւ անհետացել: Վերջերս էլ Ա. Պետրոսյանի իրականացրած ապօրինի գործողություններից նոր տուժողներ են ի հայտ եկել՝ հայտնելով, որ Պետրոսյանը վստահությունը չարաշահելու միջոցով ձեւակերպել ու ստացել է 5000 ԱՄՆ դոլար եւ 5 մլն 400 հազար դրամ, որից հետո փախել է:
Ի դեպ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի միակ բաժնետերն այսօրվա դրությամբ «Քրիստի մենեջմենթ» ընկերությունն է, որին էլ պատկանում է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ