Լոռու մարզի համայնքների մեծ մասի բյուջեներն այս տարի էլ իրատեսական չէին: Մարզկենտրոնում դեկտեմբերի 9-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Խորհրդակցության ընթացքում օրակարգային հարցերից Լոռու մարզպետը շեշտը դրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա: Մարզպետի խոսքով` հավաքագրման ընդհանուր պատկերը վկայում է, որ հարկերն ըստ ամիսների համամասնորեն չպլանավորելու հետեւանքով տարեվերջին բնակիչները միշտ էլ կանգնում են խնդիրների առաջ: Հանձնարարվեց տարբեր հարկատեսակների կատարողականները չապահոված համայնքների հետ հետեւողական աշխատանքներ տանել եւ այդպես շարունակել նաեւ հաջորդ տարեսկզբին:
Ըստ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանի ներկայացրած հարկերի հավաքագրման ցուցանիշների` դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արդյունքները գոհացուցիչ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշների նվազում չի եղել:
Արթուր Նալբանդյանը խոսեց նաեւ մարզի բնակիչներից ստացված նամակների մասին, որոնք կապված են հատկապես համայնքներում հողահարկերի ապօրինի զավթումների, ապօրինի շինությունների հետ: «Թեեւ խնդիրը համայնքային է, սակայն մարզպետարանն էլ իր հերթին պետք է հետեւողական լինի, որպեսզի քաղաքացիներին հուզող հարցերն օբյեկտիվ լուծում ստանան»,-նշեց Ա. Նալբանդյանը՝ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանին հանձնարարելով տեղում ծանոթանալ բնակիչների կողմից բարձրացվող նմանօրինակ հարցերին:
Անդրադառնալով կառավարության աջակցությամբ մատչելի գներով տրվող պարարտանյութի գումարների հավաքագրման ընթացքին` գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը զեկուցեց, որ հավաքագրումն ընթացքի մեջ է, պարտքեր ունեն միայն Լուսաղբյուրը, Սարահարթը, Կաթնաջուրը, Միխայելովկան եւ Վարդաբլուրը: Մարզպետը հանձնարարեց հետեւողական աշխատանք տանել, որպեսզի կարճ ժամանակահատվածում հավաքագրվի ամբողջ գումարը:
ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի