ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԵՐԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն 2008 թվականից ձեւավորված ավանդույթի` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Երեւանում կայանում է իրավունքի երթ, որի մասնակիցները Հայաստանի հանրությանը եւ Եվրոպայի խորհրդին են ներկայացնում ամենամյա հաշվետվություն` երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների վիճակի մասին:

Երեկ Ազատության հրապարակում «Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնած երթի բացմանն այս մասին հիշեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Երեկվա երթի վերջում ՀԱԿ-ի 6 կետից բաղկացած բանաձեւի տեքստը հանձնվեց Եվրախորհրդի գրասենյակ` այդպիսով միջազգային հանրությանը կոչ անելով աչք չփակել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման վրա, իսկ ՀՀ իշխանություններին հորդորել կատարել իրենց միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
«Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին պայքարել հիմնարարար ժողովրդական իրավունքների համար եւ միասնական ջանքերով ազատվել բռնապետերից, կոչ ենք անում միջազգային հանրությանը համարժեք միջոցներ կիրառել, որ ՀՀ իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորություններն իրավունքների պաշտպանության բնագավառում»,-երթից առաջ հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նա տեղում քվեարկության դրեց բանաձեւը, որն ընդունվեց հավաքվածների միաձայն «կողմ ենք» արձագանքներով: Երթի մի քանի հարյուր մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ, պաստառներով ու դրոշներով ուղեւորվեցին դեպի ԵԽ գրասենյակ: Նրանք վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Պահանջում եմ Սերժի հրաժարականը» եւ այլն:
Ազատության հրապարակում էին նաեւ նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ բախումների հետեւանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի համակիրները Շանթի որդու՝ Շահենի գլխավորությամբ: Ներկա էին նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը: ՀՀ-ում Եվրախորհրդի գրասենյակ հասնելուն պես ՀԱԿ արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը «ՀԱԿ-ի եւ հայ ժողովրդի անունից» նամակը հանձնեց ԵԽ գրասենյակի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հռչակագրով` դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս