ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) ստուգումներ են անցկացվում: Այս անգամ ստուգումների պատճառը ոսկու հալման համար օգտագործվող գազի եւ ջրածնի «բալոններն են», որոնցով նման շենքային պայմաններում աշխատելը հակաօրինական է: Սակայն ոսկերիչները նշում են, որ առանց դրանց անհնար է աշխատել: Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ ոսկու շուկայում եւ արձանագրեց, որ ստուգումների պատճառով շուկայի ոսկերիչները չեն աշխատում, իսկ արհեստանոցները փակված են: Մեզ հետ զրույցում ոսկերիչներից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարեց, թե գնալու է ու ինքնասպանություն գործի, որովհետեւ տանը սոված երեխաներ ունի:

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու: Պատճառը քաղաքացիներից ստացած բողոքներն են, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն: Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ են սկսվել: Ընդ որում, թեեւ ստուգումները պետք է անցկացվեին դեկտեմբերի 10-ին, սակայն «Ժողովուրդ»-ը շուկայի աշխատակիցներից տեղեկացավ, որ ՊԵԿ-ը ստուգումները սկսել է դեկտեմբերի 9-ից:
«Մեզ մինչ ստուգումները շուկայի տնօրինությունը զգուշացրել է, որ թաքցնենք գազի եւ կիսլարոդի բալոնները: Քանի որ եթե ԱԻՆ-ի աշխատակիցները նկատեն, ապա 1 մլն դրամի չափով կտուգանեն: Լավ, հասկացանք, որ չի թույլատրվում, բայց ինչպե՞ս եք պատկերացնում ոսկերչությունն առանց ձուլելու: Միայն առաջարկում են փուքսով աշխատել, բայց դրանով էլ ոսկին չի հալվում: Ախր 12 տարի մենք այս պայմաններում ենք աշխատել, նո՞ր են հասկացել, որ չի թույլատրվում»,-զայրացած նկատեց շուկայի աշխատակիցներից մեկը, որը 40 տարուց ավելի է՝ ոսկերչությամբ է զբաղվում: Նշենք, որ մեզ հետ զրուցած ոսկերիչները խուսափեցին իրենց անունները հայտնել` ասելով. «Եթե իմանան, կընկնեն մեր հետեւից»:
Ոսկերիչներից տեղեկացանք, որ երեկ՝ առավոտյան, ոսկու բոլոր արհեստանոցներից հավաքել տարել են բոլոր տեսակի բալոնները: «Նոր բան պետք է մտածենք, բայց թե ինչ, հայտնի չէ: Իսկ մյուս քաղաքակիրթ երկրներում ոսկերիչները գազի, կիսլարոդի բալոններով են աշխատում, բայց այնտեղ համապատասխան պայմաններ կան ստեղծված: Վերջին ամիսն է, չեն էլ թողնում՝ նորմալ, մարդավարի աշխատենք: Հարամ են անում: Ոնց որ կոշկակարի ձեռքից մուրճը վերցնեն»,-վրդովված նկատեց ոսկերիչներից մեկը:
Չնայած այս իրավիճակին՝ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում աշխատակիցներին օգնելու համար, հակառակը, առիթից օգտվելով՝ 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը: Մինչդեռ աշխատակիցները նշեցին, որ ոսկերիչների գերակշիռ մասը վարկային մեծ պարտավորություններ ունի, ինչի պատճառով էլ հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոսկերիչները տեղեկատվություն ունեին, որ ստուգումները գրեթե տասը օր են տեւելու: Այսինքն` առնվազն տասը օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի, իսկ թե այդ ընթացքում ինչի հաշվին են ապրելու, հայտնի չէ: Զրույցի ավարտին նրանք կատակեցին՝ ասելով. «Մնում է՝ ոսկու շուկայում ոսկի գտնեն ու տուգանեն»:
Ստուգումների կապակցությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք դիմել նաեւ Վաղարշ Աբրահամյանին: Սակայն նրա աշխատասենյակի մոտ նստած անվտանգության աշխատակիցը թույլ չտվեց նույնիսկ մեկ քայլով մոտենալ դռանը: Իսկ շուկայի անվտանգության ծառայության պետ Սահակը հայտարարեց, թե ոչնչից տեղյակ չէ եւ չի կարող մեկնաբանություն տալ:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի այցելության պահին ոսկերիչների մեծ մասը թղթախաղով էր զբաղված: Շուկայի մի մասը ներկված էր ու մաքրված, մյուս մասը՝ ոչ: Կատակասեր աշխատակիցները կրկնում էին, թե ստուգողները շենքի չմաքրված մաս չեն գնալու: Փաստորեն, վարչապետի ելույթից անմիջապես հետո շուկայում գլոբալ մաքրություն էր սկսվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս