Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման եւ հզորացման գործին:
Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից եւ մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերին եւ կարեւորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանկալի հյուր են պաշտպանության նախարարությունում, եւ ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը եւ հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան, ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրեց զինված ուժերի զարգացման փուլերը, հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ Հայաստանի եւ այլ երկրների միջեւ առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցօր կատարելագործվում է եւ պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության: Պաշտպանության նախարարը պատասխանեց նաեւ սփյուռաքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ՀՀ զինված ուժերի պատրաստությանը:
Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, ջերմագին ընդունելության համար շնորհակալ լինելով պաշտպանության նախարարին, հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: