ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացվի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը: Ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի արտադրությունը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաեւ նպաստել տարբեր ազգերի միջեւ մշակութային երկխոսությանը: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003-ին. ցուցադրվել են վերջին տասնհինգ տարիներին ստեղծված հայ կին ռեժիսորների ֆիլմերը: «Կին» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ծրագրում ներկայացված է 81 ֆիլմ 27 երկրից: Փառատոնի հետահայաց ցուցադրության ծրագրում տեղ են գտել առաջին կին ռեժիսոր, ազգությամբ ֆրանսուհի Ալիս Գի Բլաշեյի ֆիլմերը: Կներկայացվեն նաեւ Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի աշխատանքները:
«ՆԱԽԱՆՁԵԼԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ»
Կիեւի գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել «Ուկրաինայի նախանձելի հարսնացուներ» մրցանակաբաշխությունը: Այստեղ առաջադրվում են ամենաճանաչված, գեղեցիկ, տաղանդավոր աղջիկները, ովքեր կարիերայում, ստեղծագործական կյանքում, սպորտում, երաժշտությունում եւ այլ բնագավառներում բարձունքի են հասել ու դեռեւս ամուսնացած չեն: Այս տարի «Ուկրաինայի նախանձելի հարսնացու 2013» պատվավոր տիտղոսին արժանացել է 26-ամյա երգչուհի եւ պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը (Վարդան): Pole Dancing-ի աշխարհի առաջնության հայ չեմպիոնուհի Վարդան, որն ապրում է ուկրաինական Կռիվոյ ռոգ քաղաքում, նույնպես ամուսնացած չէ, սակայն վերջերս հարցազրույցներից մեկում հաղորդել է, որ իր սիրտը զբաղված է, եւ ինքը պատրաստ է երկարատեւ երջանիկ ընտանեկան կյանքի մի տղամարդու հետ, ում անունն առայժմ չի հրապարակում:
ԳԵՐՎՃԱՐՎՈՂ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է «ամենից ավելի գերվճարվող» դերասանների ամենամյա ցուցակը: Այն գլխավորել է Ադամ Սենդլերը. նա այն քիչ դերասաններից է, որոնք 15 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար են պահանջում 1 ֆիլմում նկարահանվելու համար: Սակայն նրա մասնակցությամբ ֆիլմերը 100-տոկոսանոց հաջողություն չունեն, անգամ տապալվում են վարձույթում: Նա իրեն վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց բերում է 3.40 դոլար: Երկրորդ հորիզոնականում է Քեթրին Հեյգլը` իրեն վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 3.50 դոլար վերադարձի ցուցանիշով: Եռյակը եզրափակում է Ռիզ Ուիզերսփունը 3.90 դոլարով: