Արդեն 2-րդ տարին է, ինչ հռչակավոր Մակարավանքի շրջակայքից տեղափոխված 6 խաչքար գտնվում է Իջեւան քաղաքի ծայրամասում` «Քարարտ» ՓԲԸ գրասենյակի շրջակա տարածքում: Քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Քարարտ» ձեռնարկության տնօրեն Կարեն Գիշյանը 1 տարի առաջ պատմական արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայությանն ուղարկված գրությամբ հայտնել էր. «Մակարավանքի վանական համալիրի տարածքից «Քարարտ» ՓԲԸ-ի տարածք է տեղափոխվել 6 խաչքար ռեստավրացիոն աշխատանքների համար: Խաչքարերը պետք է հետ վերադարձվեն Մակարավանքի վանական համալիրի տարածք»: Մինչ օրս, սակայն, խաչքարերը չեն վերադարձվել: Կ.Գիշյանը մեզ ասաց, որ իրենք խաչքարերը տեղափոխել են ոչ թե Մակարավանքի շրջակայքից, այլ աչաջրեցիների բակերից եւ գոմերից` այդպիսով սրբությունները փրկելով ոչնչացումից: Նրա խոսքերով` եթե պատմական արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայությունն իրենցից պահանջի այդ խաչքարերը, իրենք կտրամադրեն դրանք: Փորձելով ճշտել համապատասխան ծառայության լռության պատճառը` զանգահարեցինք տնօրեն Ռաֆիկ Մուրադյանին: Վերջինս ասաց, որ «Քարարտ» ընկերությունից խաչքարերն արդեն հանձնվել են իրենց ծառայությանը: Մենք պաշտոնյային հայտնեցինք, որ իր ունեցած տեղեկությունները հավաստի չեն, քանի որ խաչքարերը դեռեւս «Քարարտ»-ում են: Մինչեւ ե՞րբ են մեր պատմական գանձերը գտնվելու քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ձեռնարկության տարածքում, մի՞թե մասնավոր հիմնարկը հնամենի մասունքների պահպանության լավագույն տեղն է:
Ե՞ՐԲ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ