«ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը երեկ մամուլի ասուլիսում խոսեց Հայաստանի նկարիչների միության (ՆՄ) առաջիկա համագումարից եւ նախագահի ընտրությունից: Նա մասնավորապես նշեց, որ նախորդ անգամ չի մասնակցել, բայց այս անգամ ուզում է մասնակցել համագումարին։ Նրա համար ՆՄ նախագահի պարագայում կարեւորը ոչ թե տաղանդն է, այլ լավ կազմակերպիչ լինելը։ Քանդակագործն ընդհանրապես դեմ չէ ՆՄ նախագահ Կարեն Աղամյանին, ավելին՝ ասաց, որ լավ մարդ է, պարզապես չի ուզում, որ նա կամ ընդհանրապես որեւէ մեկը 15 տարի պաշտոնավարի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին տեղի կունենա նկարիչների միության հերթական համագումարը, ու թեեւ մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարվել այլ թեկնածուների անուններ, այդուհանդերձ, համաձայն շրջանառվող լուրերի, միության նախագահի պաշտոնի համար մրցակցելու են նաեւ Ռուբեն Այվազյանը, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթայանը եւ Նիկոլ Աղաբաբյանը։ Ըստ նույն լուրերի՝ թեեւ ՆՄ գործող նախագահը նախապես որոշել էր իր թեկնածությունը չառաջադրել, սակայն վերջին օրերին իր անձի շուրջ տարածված խոսակցությունների անարժանահավատությունն ապացուցելու համար հանդես է գալու որպես նախագահի թեկնածու։ Նա նույնիսկ պատրաստվում է իր մասին «հերյուրանքներ» տարածողների դեմ հայցով դիմել դատարան։ Օրինակ՝ նկարիչ Հաղթանակ Շահումյանը մասնավորապես ասել էր. «Միությունը վերջին տասնհինգ տարիներին միայն հետընթաց է ապրել, միշտ կորցրել է, վաճառվել է միության անշարժ գույքը, նկարիչների համար դահլիճները դարձել են վճարովի: Միությունն առաջընթաց չի ապրում, գնալով մեռնում է»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՆՄ նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրեց, որ ՆՄ համագումարը կսկսվի դեկտեմբերի 16-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում։ Իսկ մեր այն հիշեցմանը, որ, օրինակ, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ճիշտ չի համարում իր կողմից 15 տարի ՆՄ ղեկավարելը, պարոն Աղամյանն այսպես արձագանքեց. «Յուրաքանչյուր մարդ կարծիք արտահայտելու իրավունք ունի»։ Ինչ վերաբերում իր առաջադրվել-չառաջադրվելուն, ապա դա կպարզվի համագումարի ընթացքում։ Իսկ դատարան դիմել եւ որեւէ մեկին պատժել Աղամյանը չի պատրաստվում. «Հավես չունեմ, ժամանակս եմ ափսոսում, համագումարն այդ ամենի մասին իր կարծիքը երեւի կհայտնի. ուրիշները գիտեն իրականությունը, ապացուցելու ոչինչ չունեմ»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս