ՓՈՂԵՐԸ «ՖՌՌԱՑՆՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում գրել ենք Դիլիջանի եկեղեցու ոդիսականի մասին: 2006թ. արտերկրի բարերարի կողմից Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար շուրջ 1 մլն դոլարի նվիրատվություն է կատարվել: Համայնքում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ` նպատակ ունենալով ներգրավել լրացուցիչ ֆինանսներ: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ գործին նվիրաբերել են իրենց 1 ամսվա աշխատավարձը, հանգանակություններ են կատարել քաղաքի մանկապարտեզների, այլ հիմնարկների աշխատակիցներ, անհատ դիլիջանցիներ: Սակայն եկեղեցու շինարարությունն այդպես էլ չի սկսվում: Հիմա Հայաստանում մեծ թափով եկեղեցիներ են կառուցվում. որոշ գյուղերում 2 եկեղեցի կա, իսկ 19.600 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում ոչ մի եկեղեցի չի գործում: Հաղարծնի վանական համալիրը Դիլիջանից 14կմ հեռավորության վրա է: Զբոսաշրջիկները զարմանում են, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի առողջարանային եւ ֆինանսական համբավ ունեցող քաղաքում եկեղեցի չկա: Սակայն ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում: «Թուֆենկյան» թանգարանի մաս կազմող շենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի: Դիլիջանցիների վկայությամբ` այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանա Սիմոնյանը, այդ սենյակում նաեւ մոմեր են վաճառվում: Հարց է ծագում. ո՞ր բանկում է պահվում Դիլիջանի եկեղեցու կառուցման համար նախատեսված գումարը, անցած 6 տարում այն ի՞նչ չափով է աճել: Ի վերջո, ե՞րբ է սկսվելու եկեղեցու շինարարությունը:




Լրահոս