ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ջոկի հրամանատար՝ սերժանտ կամ կրտսեր սերժանտ զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը ներառվո՞ւմ է «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ, թե՞ ոչ:
Հովհաննես Միրաքյան (41 տարեկան, վիրաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Միրաքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խորհրդի կողմից «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մասին տրված պարզաբանման համաձայն՝ «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ մինչեւ 1991թ. ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո ընկած ընթացքում ՀՀ զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը: Բացի այդ՝ «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաեւ «ավագ» զինվորական կոչումով դասակի հրամանատարի ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Ուստի որպես ջոկի հրամանատար՝ «սերժանտ, կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը չի կարող համարվել պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ դիմած քաղաքացին հույս ուներ, որ իր նշած զինվորական ծառայության ժամանակահատվածը գուցե պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ համարվեր, բայց պատասխանից ճիշտ հակառակն է բխում։

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, եւ ովքե՞ր են համարվում դրա պարտադիր վճարողները:
Ալիսա Հակոբյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող եւ ծառայություն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ: Ինչ վերաբերվում է վճարողներին, ապա նշենք, որ կարգավորման պարտադիր վճարը ՀՀ օրենքներով սահմանված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին օրենքի համաձայն՝ վերջիններիս վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:




Լրահոս