«ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն  անդրադարձել ենք Սոֆի Մխեյանի մասին կայքերից մեկում տեղադրված հոդվածին: Նույն պատմությունը կրկնվում է Սյուզի Մելիքյանի դեպքում: Հիմա էլ այդ նույն հեղինակը որոշել է հեքիաթ հորինել վերը նշված երգչուհու մասին` անվանելով այն  շոուբիզնեսային հեքիաթ` «Կարմիր կրծկալը»: Չես հասկանում` ինչ միտում ունի հեղինակը եւ ինչու է ծաղրում աղջիկներին:
Ներկայացնում ենք այդ հեքիաթ կոչվածից մի փոքր հատված. «Լինում է, չի լինում մի փոքրիկ, գոռոզ աղջիկ է լինում, որն աշխարհում ամենից շատ իրեն է սիրում: Չի ուտում, չի խմում, ժամերով կանգնում է հայելու դիմաց ու իրենով հիանում: Նա բոլորի վրա թքած ուներ, սիրում էր գլամուրային հագուստներ, զարդեր, շնիկներ… ու սիրում էր ոչ նրա համար, որ պարզապես սիրում էր, այլ որ ունենար դրանք, եւ իրեն նախանձեին:
Մի օր, թե ինչպես է լինում, մեր աղջկան մի գեղեցիկ կարմիր կրծկալ են նվիրում. շատ է սազում նրան, այնքան շատ, որ աղջիկն այն չի ուզում հանել եւ երբեք էլ ուրիշ կրծկալ չի դնում: Դրա համար էլ աղջկա անունը մնում է Կարմիր կրծկալ: Կարմիր կրծկալը երգել շատ է սիրում ու չնայած ձայն բացարձակապես չի ունենում, բայց մի մեծ երազանք է ունենում` դառնալ ԱՍՏՂ…»:
Հեղինակը նշել է նաեւ, որ Սյուզիին օգնել է ինչ-որ պրոդյուսեր, սակայն մեզ հետ զրույցում երգչուհին հավաստիացրեց, որ երբեք պրոդյուսեր չի ունեցել: Ներկայացնում ենք  Սյուզի Մելիքյանի կարծիքն այս տհաճ հեքիաթի մասին:
-Անկեղծ ասած, ինքս չեմ կարդացել: Իմ ընկերներն են ինձ տեղեկացրել: Ես ոչ մի արձագանք չեմ տվել, ընկերներս ինձնից շատ էին զայրացած եւ ուզում էին համապատասխան վերաբերմունք ցուցաբերել նրա հանդեպ: Ես նման ցածր ու ճղճիմ մարդկանց չեմ ուզում ոչ մի արձագանք տամ, բայց եթե վարկաբեկող հոդված կրկին տպվի, ես դա էդպես չեմ թողնի:
Անկախ ամեն ինչից, ինչքան էլ որ նա փողի պակաս ունի, չի կարելի դիմացինի մասին կեղծ ու վարկաբեկող նյութ գրել ու դրանով փող աշխատել:
-Ձեզ թվում է` դա պատվեր է հատուկ Ձեր դե՞մ:
-Հնարավոր է, կամ էլ ինչ-որ մարդկանց դրդմամբ գրված լինի: Ես չեմ նյարդայնանում, բայց օրերից մի օր դրա հեղինակը կհասկանա, որ էնպես չէր, որ այդ նյութը հենց էնպես չանցավ-գնաց:
-Այդ հեքիաթ կոչվածի մեջ նշվում է, որ հայրդ է ֆինանսապես օգնել, որ առաջ գնաս:
-Իմ հայրն ընդհանրապես երգարվեստի հետ կապ չունի: Խնդիրը ո՞րն է: Էնպես չի, որ ես պետք է ասեմ` ձայն ունեմ, թե ոչ, փաստերով պետք է խոսել: Իմ տեսահոլովակները դիտում են, երգերս` լսում: Իսկ ինչ վերաբերվում է հայրիկիս, յուրաքանչյուր ծնող էլ իր երեխային օգնում է, ու արդեն երեխայից է կախված, թե քանի քայլ առաջ կգնա: Բայց էնպես չի, որ իմ ծնողն ինչ-որ խոշոր գումարներ է ներդրել, որ առաջ գնամ: Փոքրուց երգի մեջ եմ եղել, հանդիսատեսն իմ երգը սիրել է, ես էլ շարունակել եմ ու այսօր այս աստիճանի վրա եմ, ինչը շատ է հուզում չար ու նախանձ մարդկանց:
Նախանձն ու չարությունը կործանում են մարդուն, պետք չի նման հոդվածներ գրել առանց ճշտումների ու ստույգ ինֆորմացիայի: Շատ ծիծաղելի հոդված է ինձ համար, այնքան, որ ես նույնիսկ չեմ ուզում կարդալ: Որովհետեւ եթե կարդամ, հնարավոր է` արձագանքներս այլ լինեն: Պարզապես արհամարհում եմ ու խղճում նման անձնավորությանը:
Իմ անվան վրա նման ճղճիմ մարդիկ չեն կարող բիծ թողնել, առավել եւս այդ ինֆորմացիայով: Ես նախընտրում եմ այդ լրագրողին այնպիսի վերաբերմունք ցույց տալ, որ հետո նա էլ դժվար ցանկանա լրագրող աշխատել:
-Հայրդ չի օգնում, իսկ պրոդյուսե՞րդ, որն, ըստ հեղինակի, քեզ հագնվել է սովորեցնում…
-Դա շատ ծիծաղելի է: Ես երբեք պրոդյուսեր չեմ ունեցել, դա էլ եւս մեկ ապացույց, որ սխալ ինֆորմացիա են տպագրում, որի համար օրերից մի օր պատասխան են տալու հաստատ:
-Փորձե՞լ եք պարզել, թե ով է հեղինակը:
-Ինձ նույնիսկ չի հետաքրքրում` նա ով է` կին է, տղամարդ, թե միջին սեռ: Ուշ, թե շուտ դա կիմացվի, ինկոգնիտո չի մնա, ու շատ հնարավոր է, որ նա իր նյութի ամեն բառի համար պատասխան տա: Ես արդեն ասել եմ, որ իմանան` ով է, ճշտեն հեռախոսահամարը, դեռ այսքանը: Համացանցով խոսել եմ այդ կայքի խմբագրի հետ, իր խոսքերով` նա շատ հարգում, սիրում է իմ երգարվեստը, բայց այդպիսի հոդվածը տպվում է իր կայքում: Դա ի՞նչ է նշանակում, որ մարդիկ փողի համար պատրաստ են անցնել իրենց սկզբունքների ու սրբությունների վրայով, ինչը շատ վատ է: Հետո այդ կայքում առաջին դեպքը չի, որ այս տեսակ բաներ են գրվում: Երեւի դա հենց կայքի փիարի համար են անում: Ինձ ամենից շատ մի հարց է հուզում. ինչո՞ւ է լրագրողն, առանց ստույգ տվյալներ ունենալու, մնացածին վարակում այդ ամենով:
-Հոդվածը գրողին որեւէ բան ունե՞ք ասելու, կարող եք մեր թերթի միջոցով դա անել:
-Եթե ունենամ, մոտակա ժամանակներս կասեմ, բայց ոչ թերթի միջոցով, այլ առերես: Իսկ առհասարակ փորձում եմ նման կեղծ ու չար հոդվածներն արհամարհել ու չխորանալ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս