ՉՈՐՈՎ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել Ռուսաստանին` նոր վարկեր ստանալու համար: Ինչպես հայտնի է, 2009թ.-ին Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլարի վարկը ՀՀ կառավարությունը մարեց վաղաժամկետ` եվրոբոնդերի վաճառքից ստացված 700 միլիոն դոլարի հաշվին: Այս իրողությունը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որպես իշխանությունների ձեռքբերում` ասելով. «Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին Հայաստանը ստացել էր Ռուսաստանից»:

Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման տարիներին շուրջ երեք միլիարդի հասած ՀՀ արտաքին պարտքը նվազել է 500 միլիոն դոլարով, այն էլ` բավականին բարձր` libor+3 դրույքով տրված ռուսական վարկով: Խնդիրն այն է, սակայն, թե ինչի հաշվին է դա արվել: Դա կարելի էր ձեռքբերում համարել, եթե այդ վարկը մարվեր ՀՀ տնտեսության զարգացման հաշվին առաջացած դրամական միջոցներով: Մինչդեռ, ինչպես նշվեց, 15 տարով տրամադրված այդ վարկը ՀՀ կառավարությունը վաղաժամկետ մարել է` վաճառելով եվրոբոնդերը եւ այդպիսով դարձյալ որոշակի ֆինանսական պարտավորություններ ստանձնելով դրանց տոկոսադրույքների վճարման հարցում: Եվ այս դեպքում ընդամենը խոսք կարող է լինել ՀՀ պետական պարտքի առավել արդյունավետ կառավարման մասին, ինչի արդյունքում` հաշվի անելով եվրոբոնդերի 6% դրույքը, ըստ պաշտոնական հաշվարկների, հնարավոր կլինի 2014-ին պետական պարտքի 18 միլիոն դոլարի խնայողություն անել:
Այստեղ, սակայն, առավել կարեւոր է այն հարցը, թե ինչու է ՀՀ կառավարությունը եվրոբոնդերից ստացված սուղ գումարներով առաջին հերթին մարել հենց ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տրամադրած վարկը: Այն, որ այդ վարկը տրվել էր շատ վատ պայմաններով, փաստարկ չէ, քանի որ ցանկության դեպքում (առավել եւս` ՄՄ-ին անդամակցելու որոշումից հետո) կարելի էր պարզապես փոփոխել վարկի պայմանները: Ի վերջո, Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ նման փոփոխություններ է արել, ավելին` ներել միլիարդավոր դոլարների հասնող պարտքեր տարբեր` աֆրիկյան կամ ասիական երկրների:
Սակայն Հայաստանի դեպքում, ինչպես հայտնի է, ընդամենը 114 միլիոն դոլար պարտքի դիմաց ռուսները «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ստացան ՀՀ էներգետիկ եւ արդյունաբերական հզորությունների մեծ մասը: Եվ հիմա էլ բավականին խոսուն է այն փաստը, որ Հայաստանն առաջին հերթին շտապում է մարել ոչ թե ՀԲ-ի, ՎԶԵԲ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների վարկերը: Փաստորեն, ռուսները խեղդում են մինչեւ վերջ` «չորով ստանալով» ինչպես վարկի գումարը, այնպես էլ գազի պարտքը` «Հայռուսգազարդ»-ի 20-տոկոսանոց բաժնեմասի տեսքով:




Լրահոս