Իմացել է, որ իրեն ծնող են հայհոյել. գնացել է հաշիվ մաքրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորքի բնակիչ 20-ամյա Ավետիք Բաղդասարյանը իմանալով, որ իր ծանոթն իր ծնողի հասցեին հայհոյանք է հնչեցրել, նույն օրը ծեծի է ենթարկել վերջինիս:

Ըստ մեղադրանքի՝ Ա.Բաղդասարյանը, իր ծանոթ Ռիպսիկ Մանուկյանից տեղեկանալով Ժիրայր Ղարագյոզյանի կողմից իր ծնողին հայհոյելու մասին, 2014 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բակում հանդիպել է Ժիրայրի հետ, վիճաբանել,ապա  դիտավորությամբ բռունցքով հարվածել նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ապա մարտի 14-ին Ավետիքը հիշյալ առիթով կրկին հանդիպել է Ժիրայրի հետ, այս անգամ ևս վիճաբանել են, և գործի են դրվել ձեռքերը:

Ավետիքը ձեռքերով հարվածել է նրան դիտավորությամբ՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ավետիքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնել) և 118-րդ (ծեծ) հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը գտնվում է Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սամվել Ուզունյանի վարույթում:




Լրահոս