Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բաց նամակով արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցին: Գ. Կոստանյանը խնդրել է կոնկրետ փաստեր ներկայացնել դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու համար: ՄԻ պաշտպանն առայժմ չի արձագանքել նամակին:
«Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները եւ եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: ՀՀ գլխավոր դատախազությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր եւ պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների եւ հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերեւույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ»,-ասված է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նամակում:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:
ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
-Պարո՛ն Մարուքյան, ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցը, ըստ Ձեզ, փաստարկվա՞ծ է, ինչպե՞ս եք այն գնահատում:
-Իրավապաշտպանի զեկույց է, ՄԻՊ-ն իրավապաշտպան մարմին է, ուրիշ բան չունեմ ասելու: Այն խնդիրները, որոնց մասին ամեն օր խոսվել է տարբեր մակարդակներում, հիմա պաշտպանի զեկույցի տեսք են ստացել:
-Պաշտպանը կոնկրետ փաստեր ներկայացրե՞լ է, նա նշել է Վճռաբեկ դատարանի անկատարության եւ դատարաններում տիրող կոռուպցիայի մասին, դա բավարա՞ր է:
-Այսօր ՀՀ-ում ոչ ոք չի կարող ասել, որ դատական համակարգում կոռուպցիա չկա, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ ամբողջ դատական համակարգը կոռումպացված է: Այսինքն՝ այս դեպքում չի կարելի պաշտպանի զեկույցն ընկալել այնպես, որ նա մեղադրում է բոլոր դատավորներին անխտիր: Մարդն ասում է՝ կոնկրետ այս, այս գործերում եղել են այսպիսի վճիռներ: Զեկույցն ինչի՞ համար է, վերցրե՛ք, հետեւություննե՛ր արեք, քննարկե՛ք: Ես այդ զեկույցը չեմ ընկալել այնպես, որ պաշտպանը մեղադրում է յուրաքանչյուր դատավորի: Ինքն այսում է` սա է համակարգը, ու այս համակարգում կան նման խնդիրներ: Պետք է ուղղակի այդ զեկույցը վերցնել, աշխատել, որպեսզի այդ համակարգի խնդիրները լուծում ստանան: Թուր ու թվանքով ընդունելը ես, անկեղծ ասած, չեմ հասկանում:
-Ըստ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ Կ. Անդրեասյանը ցեխ է շպրտել համակարգի վրա: Դուք այդպե՞ս եք կարծում:
-Ես դա այդպես չեմ ընկալում, դա մարդու իրավունքների պաշտպանի զեկույց է, ինքը նրա համար է, որ բարձրաձայնի հասարակության տարբեր հիմնախնդիրները, թե՛ օրենսդիր, թե՛ դատական, թե՛ գործադիր իշխանությունների եղած պրոբլեմները: Ու այդ մարդը բարձրաձայնել է:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ դա նախագահականից իջեցված պատվեր է:
-Ես չեմ կարող մեկնաբանել նման բանը, այսինքն՝ ի՞նչ է նշանակում պատվեր է կատարել, պաշտպանը որ զեկույց է գրում, պատվե՞ր է: Երկրորդ օմբուդսմենը գրել էր մարտի 1-ի դեպքերի մասին, պատվե՞ր էր դա: Ես չեմ ընկալում դա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը: Ըստ Ձեզ՝ այն բավարար չափով փաստարկվա՞ծ է:
-Ընդհանուր առմամբ զեկույցում նշված դրույթները ճիշտ են, ուղղակի, իմ խորին համոզմամբ, որպեսզի այս ամենը չտանի եւս մեկ հիասթափության, պետք է համաձայնեմ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությանը, որ այդ զեկույցն ընդհանուր առմամբ լավ է, բայց որպեսզի այն շարունակություն ունենա, պետք է ներկայացվեն նաեւ կոնկրետ փաստեր: Իսկ ներկայացված փաստերի հետեւից պետք է արդեն լինեն հետագա գործողությունները: Այլապես մենք բոլորս խոսում ենք մի երեւույթի մասին եւ խոսում ենք տեսականորեն, բայց որեւէ փաստ գոյություն չունի: Իսկ իմ խոսքից չպետք է հասկանալ, որ ես ասում եմ, թե արդարադատության համակարգում անելիքներ չկան:
-Դատական համակարգի ներկայացուցիչները գտնում են, որ պաշտպանն ուղղակի ցեխ է շպրտել դատական համակարգի վրա, Դուք համամի՞տ եք:
-Գիտեք ի՞նչ, մենք բոլորս գիտենք, որ կան խնդիրներ, բայց խնդիրները մատնանշելով փորձել կայանալ եւ փորձել ինչ-որ համակարգ կայացնել, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Ես կողջունեմ այս ամենը, եթե սրան հետեւեն հաջորդ քայլերը, եւ պաշտպանի մատնանշած այդ ամբողջ փաստարկները հետեւողականորեն տարվեն հանգուցալուծման:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ