ՉԻ ՀԱՆԴԻՊԻ
ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը արդեն սովորույթ է դարձրել երկրի ղեկավարի հետ կապված տեղեկատվությունը հրապարակել ոչ թե ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում, այլեւ «Թվիթեր»-ի իր անձնական էջում: Այս անգամ էլ նա տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու: Մինչդեռ թուրքական Sabah-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել էր, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել Հայաստանի իր գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Թուրքական պարբերականը նաեւ նշել էր, թե Դավութօղլուն Հայաստան է գնում 2 առաջարկով, որոնցից մեկով Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջաններից 2-ը, ինչի դիմաց Թուրքիան բացելու է սահմանը։
ՄԵՐԺԵԼ Է
ՀՀ վարչական դատարանը մերժել է Երեւանի Սայաթ-Նովայի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչների հայցադիմումը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ բնակիչների իրավաբան Ալբերտ Կանդալյանից: Հիշեցնենք, որ այդ շենքերի բնակիչները գրեթե վեց ամիս է, ինչ բողոքում էին, քանի որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Եվ բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել շինթույլտվությունը: «Մենք այսպես չենք թողնելու, այն բողոքարկելու ենք ՀՀ վերաքննիչ դատարան: Նաեւ դիմում-բողոքներ ենք ներկայացնելու տարբեր ատյաններ: Բայց, Աստծո օգնությամբ, այս ձյունը խանգարում է շինարարությանը»,-տեղեկացրեց փաստաբանը:
ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐՈՎ
Երեկ ԱԺ արտահերթ նիստում «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի եւ այլ նախագծերի քվեարկության ընթացքում, ինչպես միշտ, պատգամավորները քվեարկել են միմյանց փոխարեն: Մասնավորապես, Ալեքսան Պետրոսյանը եւ Ռուբեն Հովսեփյանը եռանդով քվեարկել են հարեւանների փոխարեն: Եվ եթե Հակոբյանը բավարարվել է մեկ քվեարկությամբ, ապա Ալեքսան Պետրոսյանը դա արել է իր բացակա երկու հարեւանների փոխարեն էլ: Քիչ անց, սակայն, նկատելով, որ լրագրողները դա արձանագրում են, Ալեքսանյանը նայել է լրագրողների սենյակի կողմն ու դադարեցրել իր «կոճակսեղմիչի» գործառույթը:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանի ավագանու երեկվա նիստից հետո վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանի եւ «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի միջու: Թոխատյանը փորձել է Սաֆարյանից պարզել՝ արդյոք նա չի ցանկանում ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար: Սաֆարյանն էլ հակադարձել է. «Դուք ինձ եւ իմ գործընկերներին եք վիրավորել» (վերջերս տված մի հարցազրույցում Թոխատյանը քննադատել է ընդդիմությանը): Թոխատյանն էլ ասել է. «Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար», ինչին Սաֆարյանը պատասխանել է. «Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգե՛ք, որ պատասխանը հարգանք ստանաք»: Թոխատյանն ի վերջո սպառնացել է ծեծել Սաֆարյանին, ինչին ի պատասխան` վերջինս ասել է «Հապա բախտդ փորձի՛ր»: