ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատերն իմ դեմ պատվերներ են տալիս եւ հարստացնում մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչների եւ լրագրողների: Ինձ համար այսօր եւս մի պատվիրատու ի հայտ եկավ, ով տարածում է, որ ես ունեմ ձկնաբուծական օբյեկտ… իմ հասցեին սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»:

Հովիկ Աբրահամյան «ԳԱԼԱ»
Եկանք հասանք… իջե՛ք. ԱԺ նախագահը, որը համատեղության կարգով նաեւ ՀՀԿ-ական կարկառուն գործիչ է, խոսեց հաստավիզների մասին, ընդ որում մամուլի հաստավիզ ներկայացուցիչների: Փաստորեն, ՀՀԿ-ում հավաքված են երկրի բարակավիզները, որոնք շրջապատված են բարակավիզ ինտելեկտուալներով եւ պահում են բարակավիզ «ախրաննիկներ», իսկ հաստավիզները մամուլի ներկայացուցիչներն են, որոնք ծեծում ու ահաբեկում են մարդկանց, նաեւ զրպարտում մեր ազգանվեր պաշտոնյաներին ու հերյուրանքներ տարածում, թե իբր մեկն օֆշորում կազմակերպություն ունի, մյուսը` ձկնաբուծական օբյեկտ եւ այլն: Ա՛յ, ա՛յ, ա՛յ:

 

 

«Տգեղ բան կա Ձեր ասածի մեջ, որ ասում եք` Ձեր ինչի՞ն է պետք: Օրինակ` Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն արդեն 19 տարի ղեկավարում է եւ այս տարի կրկին ընտրվեց»:

Կարեն Աղամյան 168.am
Այսինքն՝ նկարիչների միության նախագահն ուզում է ասել, թե Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը լավ բան է անում, որ ուզում է ցմահ ղեկավարել, եւ ինքն էլ ուզում է ընդօրինակել ու հավետ մնալ իր պաշտոնո՞ւմ: Կարծես թե Աղամյանը չի ուզում հայաստանյան ժամանակից հետ մնալ եւ առաջնորդվում է նույն` «ծերապաշտության» սկզբունքով, ինչը, կարելի է ասել, կա գրեթե բոլոր հաստատություններում, այդ թվում եւ` ԱԺ-ում եւ կառավարությունում: Աթոռին պետք է սոսնձվել որքան հնարավոր է երկար ժամանակով, իսկ ավելի երիտասարդ կադրերը կարող են դրսում էլ բախտ փնտրել, ինչների՞ս է պետք սերնդափոխությունը:

 

 

«Հնարավոր չէ: Բժիշկները բոլորի նկատմամբ շատ հոգատար մոտեցում են ցուցաբերում, եւ դա ընդամենը ոչ ադեկվատ պահվածք է»:

Դերենիկ Դումանյան 168.am
Բժիշկները հիվանդների նկատմամբ շատ դեպքերում հոգատար մոտեցում ցուցաբերում են այն ժամանակ, երբ հիվանդի հարազատներից գումար են ստանում, հակառակ դեպքում հոգատարությունը փոխվում է «մուննաթով»: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ շտապօգնության բժիշկներին, որոնց մասին խոսում է նախարարը, նրանք էլ շատ դեպքերում ակնկալվող «վերաբերմունքի» բացակայության պարագայում նվազեցնում են իրենց հոգատարությունը, ինչի պատճառով էլ քաղաքացիների մոտ ձեւավորվել է անվստահություն բուժաշխատողների նկատմամբ, եւ հիվանդի մահվան դեպքում էմոցիաների ազդեցության տակ բանը երբեմն հասնում է ծեծի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս