ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին ՊՆ N զորամասերից մեկում ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հորեղբոր կինը` Լենան, հայտարարեց, որ թեեւ Վանիչկան զանգահարել է հորը եւ ասել, թե ինքնասպան է լինելու, այնուամենայնիվ, հարազատները չեն հավատում, որ տղան ինքնասպան է եղել:

Նշենք, որ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Ինչպես նկատում ենք, ՊՆ-ն այս անգամ զերծ է մնացել ինքնասպանության վարկածն առաջ քաշելուց՝ բավարարվելով ինքնասպանության հասցնելու ձեւակերպումն արձանագրելով: Այսինքն՝ թեեւ երեկվա դրությամբ ձերբակալվածներ չկային, սակայն չի բացառվում, որ այսօր զորամասի անձնակազմի որոշ անդամներ հայտնվեն քննչական մարմիններում, ապա մեղադրյալի աթոռին:
Նշենք, որ Վանիչկան ապրում էր Տավուշի մարզի Չինար գյուղում, եւ նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 8 ամիս:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հորեղբոր կինը՝ Լենան, ասաց. «Ծառայության ընթացքում մի անգամ է եկել գյուղ: Այն էլ հարսանիք էր, շուտ բերեցինք ու տարանք: Շատ հավասարակշռված տղա էր, մտե՛ք մեր գյուղ, հարցրե՛ք, թե ինչ տղա էր նա, կռվարար չէր, շատ հանգիստ բնավորություն ուներ: Ավելին՝ իր ծառայությունից չի դժգոհել, ամեն ինչ նորմալ էր»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Վանիչկան զանգահարել է հորը եւ ասել, թե «ինքնասպան եմ լինելու, իմ վրա չլացեք», ու անջատել է հեռախոսը: Հայրը շտապ հետ է զանգահարել, բայց որդին արդեն անհասանելի է եղել. «Եվ այդպես երեկոյան՝ ժամը 12-ին, մեզ ասացին, որ տղան ինքնասպան է եղել»:
Թե ինչն է եղել ինքնասպանության մասին հայտնելու պատճառը, անհասկանալի է, բայց հարազատները չեն ցանկանում հավատալ, որ Վանիչկան կարող էր ինքնասպան լինել. «Մենք ինչի՞ պետք է հավատանք, որ Վանիչկան ինքնասպան է եղել: Եթե չեմ տեսել կամ էլ չեմ սպասել, որ նա դա կաներ, ինչո՞ւ հավատամ կամ ի՞նչ աստիճանի է հասել, որ նա այդ քայլին է գնացել: Չգիտենք, թե այս ինչ եղավ, ինչու եղավ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս