ՄՆԱՑԻՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ավարտվում է 2014թ. փետրվարի 1-ին: Այդ պատճառով Իջեւան քաղաքում գործող Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը 2014թ. հունվարի վերջին դադարեցնելու է իր գործունեությունը: Նշենք, որ նոյեմբերի սկզբից Իջեւան քաղաքում փակվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի տարածքային գրասենյակը: Դրա պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է:
Հիշեցնենք, որ կառավարությունը պետական բյուջեից 54 միլիոն 691 հազար դրամ տրամադրեց ՀՀ անկախության օրվան նվիրված Նունե Եսայանի համերգը ֆինանսավորելու համար, սակայն այդ համերգին տրամադրված գումարին համարժեք ֆինանսներ չի տրամադրել ՀՀ ՄԻՊ մարզային գրասենյակների աշխատանքի համար:
Այնինչ, կոնկրետ ՄԻՊ Իջեւանի տարածքային գրասենյակում աշխատում էին մասնագետ իրավաբաններ, իրենց հուզող իրավական խնդիրներով այստեղ էին դիմում վճարովի իրավաբանական ծառայությունների հնարավորություն չունեցող, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներ, մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերի բնակիչներ: ՄԻՊ Իջեւանի տարածքային գրասենյակը քաղաքացիներից դիմումներ եւ բողոքներ ընդունելու համար չուներ որեւէ սահմանափակում, այստեղ վարույթ էր ընդունվում Մարդու իրավունքների պաշտպանի քննարկմանը ենթակա ցանկացած դիմում-բողոք` գրավոր, բանավոր, հեռախոսային կամ էլեկտրոնային կապի միջոցով: Սա կարեւոր էր Իջեւանից տասնյակ կիլոմետր հեռու ապրող սոցիալապես անապահով տավուշցիների համար:
Տեղեկանալով, որ ՄԻՊ Իջեւանի տարածքային գրասենյակի փակման պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է, տավուշցիները զարմանում են, քանզի պետբյուջեից զանազան ոչ արդյունավետ ծրագրեր են ֆինանսավորվում: ՄԻՊ Իջեւանի գրասենյակի փակման օրն իր չլուծված հարցով գրասենյակ եկած տարեց մի տավուշցի շատ դիպուկ նկատեց. «Զգում էի, որ գրասենյակը պիտի փակվեր, քանզի սպիտակ շունը բամբակ ծախողին միշտ վնաս է եւ ի վերջո քարկոծվում, հեռացվում է»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս