«Վերնախավի» ներկայացուցիչներն ուզում են անարգել վայելել այս կյանքը․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի «հերոսները» սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրում: Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետևյալն է՝ ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով ես առավել հաճախ լսել էի հենց այդ խնդրանքը. «Ինձ հերքում-մերքում պետք չի, դու ինձ մենակ ախպերավարի ասա ՝ էդ գործը, էդ զակազը իմ դեմ ո՞վ ա տվե»:

Այս հարցն ունի իր տրամաբանությունը: Պաշտոնյաների և հարուստների միջավայրում ընդունված բարքերն այնպիսին են, որ նրանք մի կողմից՝ իրար փաթաթվում են խնջույքների սեղանի շուրջ, մյուս կողմից ՜ իրար տակ են փորում և իրարից բամբասում են այդ սեղաններից դուրս: Եվ այդ մարդիկ, հավանաբար, խնդիր ունեն իմանալու, թե որտեղի՞ց է գալիս վտանգը և իրենց «բաժակի ընկերներից» ո՞ր մեկն է դավեր նյութում: Ահա թե ինչի համար է նրանց, որպես կանոն, պետք լինում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը:

Այս «վերնախավի» ներկայացուցիչները պետք է հասկանան, որ իրենք հանրային դեմք են, և նրանց նկատմամբ հետաքրքրությունը բնական է, կարելի է ասել՝ այն գինն է, որն իրենք վճարում են իրենց ճոխ կյանքի համար: Այդ մարդիկ ուզում են անարգել վայելել այս կյանքը, որպեսզի ոչ ոք իրենց անհանգստություն չպատճառի: Դատախազները, դատավորները իրենց գրպանում են, նրանք մի թիմ են, մի, այսպես ասած, գրասենյակ»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս