Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում մարտի 15-ին ցուցադրվել է Սյուզան Խարդալյանի “Մեծ մորս դաջվածքները” ֆիլմը: Այն ներկայացվել է Ստամբուլի Filmmor Կանանց միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Կինոդիտումն անցկացվել է լեփ-լեցուն դահլիճում: Ցուցադրությունից հետո, հանդիսատեսներից մեկը կիսվել է իր տպավորություններով. “Ցուցադրությունից հետո բոլորն անչափ հուզված էին, ոչ ոք չէր խոսում, նայում էինք մեկմեկու: Մի պահ ես ինքս ինձ այնքան մեղավոր և կեղտոտ զգացի…ուզում էի բարձր գոռալ: Ամբողջ ճանապարհին դեպի տուն ես լուռ էի: Հասնելով դռանը` մի պահ նայեցի երկնքին, աստղերն այնքան պայծառ էին շողում…դրանք ինձ օգնեցին իմ մեջ ուժ գտնել` լուսավոր ապագային հավատալու”: Ֆիլմի ծանուցման մեջ գրված է` “Մեծ մայրս մի քիչ տարօրինակ էր, ոչ ոք նրան չի սիրել, նրան երբեք չեն գրկել: Նրա ձեռքի և դեմքի վրայի կապույտ դաջվածքները սարսափազդու էին: Սատանայական նշաններ հիշեցնող այս դաջվածքները վախ էին ներշնչում: Ո՞րն էր մեծ մորս սխալը, ինչո՞ւ էր նա այդքան տարօրինակ: Ո՞վ էր այդ դաջվածքներն արել. նման հարցեր տալը սխալ էր: Մեծ մոր մասին խոսելն արգելված էր”: Ֆիլմը կցուցադրվի նաև Վանում, Հաքյարըում և Չանաքքալեում: Նշենք, որ վերջերս ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ, ինչի կապակցությամբ տեղի թուրքական համայնքը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նրանք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել հեռուստաընկերությանը:
Սյուզան Խարդալյանի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ