Ադրբեջանական կողմն արդեն դիմել է «Կարմիր խաչին», իսկ հայկական կողմը հապաղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի անհետ կորած 17-ամյա հովիվ Սմբատ Ցականյանի` Ադրբեջանի դիվերսիոն խմբի անդամի կողմից գերեվարվելը դեռևս չի հաստատվել:

Այդուհանդերձ, Armlur.am-ը «Կարմիր խաչ»-ի միջազգային կազմակերպությունից փորձեց ճշտել՝ որ դեպքում իրենք իրավասություն ունեն պարզելու գերեվարվելու հավաստիությունը, և անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել:

ԿԽՄԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ կազմակերպությունը, համաձայն իր մանդատի, այսպիսի իրավիճակներում որևէ ակտիվ գործողություն չի կատարում, այլ միայն հետևում է լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններն իրենց չեն դիմել:

«ԿԽՄԿ-ն այն ժամանակ է սկսում գործողությունները, երբ մյուս կողմից ստանում է պաշտոնական հաստատում, որ նման բան կա, կամ այս կողմից խնդրանք, որպեսզի մենք միջամտենք, փորձենք մեր ծառայություններն առաջարկել` որպես անկախ միջնորդ: Իհարկե, իրավիճակին ուշադիր հետևում ենք»,- պարզաբանեցին ԿԽՄԿ-ից:

Armlur.am-ի այն հարցին, թե ծնողների ահազանգը բավարար չէ համապատասխան գործողությունները սկսելու համար, կազմակերպությունից մեկնաբանեցին, որ ծնողը կարող է իրենց դիմել, բայց քանի որ իրավիճակը հակամարտության, զինադադարի պայմաններում է գտնվում, այդ դեպքում իրենք սպասում են իշխանությունների քայլին:

Կազմակերպության լրատվության բաժնից մեզ նաև հայտնեցին, որ իրենք չճշտված տեղեկության շուրջ չեն աշխատում:

«Մեզ պետք է դիմեն այս կամ այն կողմի իշխանությունները, և մենք կսկսենք մեր աշխատանքը` հետաքրքրվելով մյուս կողմի իշխանություններից և անցնելով բանակցություններին:

Այս պահին ոչինչ անել չենք կարող, մինչև իշխանությունների կողմից համապատասխան գործողությունները չլինեն»,- ասացին ԿԽՄԿ-ից:

Ի դեպ, ԼՂՀ ՊԲ-ն իրավասու չէ բանակցել «Կարմիր խաչի» հետ կամ դիմել կազմակերպությանը մյուս կողմի հետ բանակցություններ սկսելու խնդրանքով: Այս նախաձեռնությունները պետք է իրականացնի ԼՂՀ ԱԳՆ-ն: Իսկ վերջինս, կարծես թե, անմասն է մնացել երիտասարդ հովվի որոնողական աշխատանքներն իրականացնելուց:

Մինչդեռ, պաշտոնական Բաքուն դիմել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Հայաստանում գերեվարված ադրբեջանցու մասին տեղեկատվությունը պարզելու համար:

Ավելին, ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լլահա Գուսեյնովան ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ տեղեկատվության հաստատման դեպքում ԿԽՄԿ-ն կօգտագործի իր մանդատը համապատասխան արարողակարգի իրականացման համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս