Կառավարության մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն, այսօր` մարտի 16-ի առավոտյան, աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ մեր երկրում IT բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ: Այդ համատեքստում քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը, մասնավորապես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) “National Instruments” ընկերության հետ համատեղ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ստեղծման հարցը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ համոզմունք հայտնել, որ այն հաջողությամբ կհասցվի իր տրամաբանական ավարտին: Անդրադարձ է կատարվել նաեւ մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդրին: Այդ համատեքստում քննարկվել են Գյումրու տեխնոպարկի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առաջարկվել է նույն գաղափարն իրականացնել նաեւ Վանաձորում: Զրուցակիցներն արծարծել են նաեւ ռազմաարդյունաբերության զարգացման գործում ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավմանը, 2012 թվականին նախատեսվող միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախաճաշի սեղանի շուրջ քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ