4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին Վայոց Ձորի մարզկենտրոնում հանդիսավոր կերպով նշվել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, մարզային իշխանության ներկայացուցիչներ, պետական այրեր:

Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:

Շնորհավորելով ներկաներին 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծել է, որ տոնական օրը Վայոց ձորի մարզկենտրոնում մեծ հանդիսությամբ նշելը բնավ պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով:

Անդրադառնալով հայոց բանակի մարտունակությունը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազամատենչ հայտարարություններին և հակառակորդի ագրեսիվ գործողություններին` պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն առանց երկնչելու և պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր` զսպող մեխանիզմների միջոցով կանխելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Որպես քրտնաջան աշխատանքի արդյունք` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարությանն է հանձնել զորամիավորման մարտական դրոշը:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

foto

foto2

foto3

foto4




Լրահոս