1977 թվականին ծնված, հակառակորդի դիվերսիոն խմբի անդամի կրակոցից վիրավորված Կարինե Դավթյանի ծննդավայրը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքն էր:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Ձորաղբյուրի համայնքապետ Արայիկ Միքայելյանը, Կարինեն Դավթյանը երկու երեխա ունի` աղջիկ և տղա:
«Կարինեի մորեղբորից իմացա, ով այդ օրը գնացել էր Քարվաճառ, որ զինվորական ամուսնուն տեսներ: Ամուսինն էլ երևանցի է: Քարվաճառ էին ուղարկել ծառայությունն անցնելու: Տարիներ առաջ էր ամուսնացել, Ձորաղբյուրից վաղուց է գնացել»,- պատմեց գյուղապետը:
Նշենք, որ այս պահին Կարինե Դավթյանը գտնվում է «Մուրացան» զինվորական հոսպիտալում, վիրահատվել է և վիճակը կայուն ծանր է:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կ. Դավթյանի մոտ դրական դինամիկա է նկատվում:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ադրբեջանից Քարվաճառի տարածք մուտք գործած երկու դիվերսանտներից մեկը, ով շարունակում էր մնալ փախուստի մեջ, երեկ երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ընկել է հայ զինվորականների կողմից պատրաստված ծուղակը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն ադրբեջանցի դիվերսանտի և հայ զինվորականների միջև, ինչի հետևանքով ադրբեջանցի դիվերսանտը սպանվել է: Իսկ հայկական բանակի մայոր, 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը և 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Սարգիս Աբրահամյանը մահացել է:
Տաթև Հարությունյան