ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀՀԿ-Ի ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ արդեն իսկ որոշված է, որ Սյունիքի մարզի ՀՀԿ շտաբի պետն ինքն է լինելու: Հակոբյանի հետ զրուցեցինք նաեւ այն մասին, որ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն իրեն հորդորում է իր «անմաքուր ձեռքերը հեռու պահել Քաջարանից»:
-Ինքն ի՞նչ ա իմանում, ի՞նչ ա հասկանում` մաքուր ա ձեռքերս, թե անմաքուր ա, բան ա, ասել ա, էլի, ինչ-որ մեկը կողքից ասել ա` սենց բա՛ն ասեք վարկաբեկելու համար, ինքն էլ ասել ա: Դուք գիտեք ձեռքերի մաքրությունը որն ա… հարյուրավոր, միլիոններով ես բյուջեին փող եմ տալիս, տասնյակ հազարներով աշխատատեղեր եմ ստեղծել, եթե դա անմաքրություն ա, դա է հասկանում անմաքրությո՞ւնը… նաեւ բյուջեում առաջին հարկատուն է մեր ձեռնարկությունը: Ես լուրջ մարդկանց գրածն եմ կարդում, տենց բաները չեմ կարդում, իրանը կարդամ որպես ի՞նչ: Ես ավելի լուրջ բաներով եմ զբաղված: Ի՞նչ իմաստ ունի:
-Մարդկանց գերեզմանները քանդում եք, որպեսզի հանք շահագործեք…
-Ինքը գլուխը տալիս ա պատին, ես քանի անգամ արդեն հայտարարել եմ` էդպիսի բան չկա, մեզ պետք չի դա: Իրենք իրար մեջ ասում են, դուք էլ լսում գրում եք, գերեզմաններն ո՞ւմն ա պետք, գերեզմանները վերցնեմ ի՞նչ անեմ: Դուք գնացել տեսել եք ընդեղ հա՞նք կա: Ես ապագայում մտադրություն ունեմ, որ մեծ, հրաշք քաղաք կառուցեմ, բայց դա դեռ ծրագրերում է, չգիտեմ` կհաջողվի,  թե չէ: Սա է իմ մտադրությունը: Ես ինչի՞ պիտի քանդեմ, ես եմ էդ գերեզմանների ճանապարհը սարքել, ցանկապատել, ինչի՞ պիտի քանդեմ: Ամեն ասած չէ, որ կարելի է  ընդունել:
-Լինելով երկրի թիվ մեկ հարկատուն` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության գործունեությունը: Հե՞շտ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ աշխատել:
-Շատ հեշտ, ի՞նչ է եղել. երբ դիմում ես, մարդիկ ընդունում են, երբ դիմում ես, պատասխանում են, երբ մի խնդիր է առաջանում, փորձում են լուծել, օգնել, ինձ համար շատ հեշտ է, ուրիշների համար` չգիտեմ:
-Պարո՛ն Հակոբյան, արդեն որոշվա՞ծ է, թե Ձեր մարզում ՀՀԿ-ի շտաբի պետն ով է լինելու:
-Դա վաղուց նշանակված ա, Ձեր ինչի՞ն է պետք, թե ով է լինելու, ասենք Հակոբյան Մաքսիմը: Ժամանակը կգա` կհայտարարեն,  կիմանաք,  էլի: Ի՞նչ տարբերություն` ես կլինեմ, թե Պողոսյանը:
-Այսինքն` Դուք եք լինելու:
-Այո՛, ասեցի, որ արդեն որոշել են, ես 10 տարի է` շտաբի ղեկավար եմ:
-Վերջերս Սյունիքի մարզ այցելեց ՀՀ վարչապետը, այնուհետեւ` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրանք առանձին-առանձին ի՞նչ հանձնարարություններ են տվել ՀՀԿ տարածքային կառույցներին:
-Ոչ միայն նրանք,  այլեւ շատ նախարարներ են առանձին-առանձին  եկել, միշտ էլ Սյունիքի մարզ գալիս են: Ես առանձին տնտեսության ղեկավար եմ, իրանք պետական կառույցի աշխատողներ են, ես տարածքային կառույցների հետ կապ չունեմ: Ինչի՞ համար պիտի հանձնարարություն ստանամ, մենք պայմանավորվել ենք, ես իրենց հրավիրել եմ, ասել եմ` մի անգամ գան ձեռնարկություն: Քանի որ անընդհատ փոփոխություններ են կատարվում ձեռնարկությունում, ասել եմ` հրավիրում եմ, եկե՛ք, էդ է եղել: Ես առաջին անգամ չէ, որ շտաբի պետ եմ, 10 տարի ա` ես շտաբի պետ եմ, ինչի՞ պիտի հանձնարարեն, ես միշտ էլ աշխատել եմ փառքով, պատվով, մաքուր: Միջազգային չափանիշներին համապատասխան, ինչքան հնարավոր է մոտ ընտրություններ անցկացնենք, դա է իմ հանձնարարությունը: Ես դրան լավ տիրապետում եմ, ինձ էլ որ լրացուցիչ ասում են, ես ավելի եմ համոզվում, որ ճիշտը դա է:
-Ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Դուք շատ մտերիմ էիք, ի՞նչն է պատճառը, որ այժմ ձեր հարաբերություններն այդպիսին չեն, ինչո՞ւ հանուն ՀՀԿ-ի չհաշտվեցիք նրա հետ:
-Ժամանակի տեսակետից ես էլ եմ զբաղված, ինքն էլ: Այնպես չի լինում, որ ամեն օր իրար այցելենք, մենք ընկերներ են, բայց ոչ մոտիկ ընկերներ: Ինչի՞ համար պիտի վիճենք, ինքը մարզպետարանի աշխատող է, ես ձեռնարկության, ի՞նչ պիտի լինի, որ վիճենք: Ո՞վ է Ձեզ ասել, որ մեզ ասել են` հանուն ՀՀԿ-ի հաշտվե՛ք, տենց բան չի եղել, հաստատ նման խոսակցություն չի եղել:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր որդին` Վահե Հակոբյանը, ԱԺ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է:
-Այո՛, ոչ միայն այս անգամ, այլեւ մյուս անգամներն էլ, ինչքան ժամանակ որ մենք գոյություն ունենք: Այդպես է, անընդհատ պետք է փնտրես, անընդհատ պետք է  աշխատես, ինքն էլ աշխատում է եւ բավականին լավ ու կառաջադրվի (խոսքը Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի մասին է):

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս