«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ պարզելու, թե ինչ խնդիրներ ունի այն: Լուրեր կան, որ այդ այցելության ժամանակ վարչապետն իրականում հետաքրքրվել է նաեւ, թե գործարանն ինչ պայմաններում հնարավոր կլինի վաճառել՝ հայտնելով, որ ինքը հետաքրքրված է դրանով: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի սեփականատերերից մեկի՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ էր Տիգրան Սարգսյանը եկել Ձեզ պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարան:
-Տիգրան Սարգսյանը մեզ մոտ եղել է, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտ 9-10 ամիս առաջ:
-Իսկ ինչի՞ հետ էր կապված այդ այցելությունը:
-Ուղղակի ուզում էր տեսնել, թե գործարանը ոնց է… ճիշտն ասած՝ մենք սարքավորումներ էինք ձեռք բերել, դրա համար վարչապետը եկել էր, որ տեսներ: Դե բնական է, որ վարչապետը գալիս է եւ սարքավորումների մոնտաժներն է նայում, թե ոնց է աշխատում գործարանը եւ այլն: Բայց ես արդեն ասացի, որ այդ այցելությունը նոր չի եղել:
-Տեղեկություններ կան, որ այդ այցելության ընթացքում քննարկվել է, թե ինչ խնդիրներ ունի գործարանը, եւ ինչու ժամանակ առ ժամանակ չի գործում: Դուք նման խոսակցություն ունեցե՞լ եք:
-Մեր գործարանը չի աշխատել ամռանը՝ ընդամենը 3 օր, ու ես ասել եմ, որ սարքավորում էր փչացել, մինչեւ չեխերը Գերմանիայից ճարեցին, իրենք բերեցին, տեղադրեցին, ու սկսեց աշխատելը: Ու մինչեւ օրս, փառք Աստծո, դեռեւս չի փչացել:
-Իսկ գործարանի փակվելու շուրջ խոսակցություն ունեցե՞լ եք վարչապետի հետ:
-Ո՛չ, ուրեմն ցանկացած տեխնիկական խնդիր… ես ինքս մասնագիտությամբ ինժեներ եմ ու շատ լավ տիրապետում եմ այդ գործարանի ամեն ինչին, բոլոր սարքավորումներին: Ցանկացած տեխնիկական խնդրի վերաբերյալ ես կարողանում եմ խորհուրդ տալ, որպեսզի աշխատողները սարքեն ու շարունակեն աշխատել: Քանի որ ես այժմ պատգամավոր եմ ու չեմ զբաղվում բիզնեսով, դրա համար ես մենակ խորհուրդներ եմ տալիս: Փակվելու մասին խոսք չի կարող լինել:
-Այնուամենայնիվ, նշվում է, որ վարչապետի հետ նման խոսակցություն ունեցել եք: Ավելին, Տ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե եթե հանկարծ որոշեք վաճառել Ձեր բիզնեսը, ինչ գին եք սահմանելու, Դուք էլ ասել եք, որ այն կվաճառեք 15 միլիոն դոլարով:
-Նման խոսակցություն չի եղել, բայց եթե որեւէ մեկը 100 միլիոն դոլար էլ տա, ես գործարանը չեմ վաճառելու, ով որ Ձեզ ասել է, թող հանգիստ բան անի… եղա՞վ: Նախ՝ մեր գործարանը շատ արժի՝ 100 միլիոնից էլ շատ արժի, բայց եթե որեւէ մեկն էլ ցանկություն հայտնի, անկախ գումարի չափից, ես կոնկրետ իմ բաժնեմասը, որը կազմում է 50 տոկոսը, չեմ վաճառելու:
-Պարո՛ն Հակոբյան, այդուհանդերձ, մեր տեղեկություններով՝ վարչապետը Ձեզ ասել է, որ եթե փոշմանեք, ցանկանաք գործարանը վաճառել ու գինը «իջեցնեք», ապա ինքը պատրաստ է գործարանի համար վճարել մոտ 7 միլիոն դոլար:
-Նման խոսակցություն ոչ թե միայն վարչապետի, այլ ոչ մեկի հետ չի եղել, ու ես նորից եմ կրկնում, որ մեր գործարանը բավականին թանկ արժի, եթե ասում եմ՝ 100 չէ, 200 միլիոն էլ տա, բնականաբար, ես իմ բաժինը չեմ վաճառելու: Եթե ծնողը երեխային պահում մեծացնում է, բնականաբար, ինքը չի կարող հրաժարվել իր երեխայից, ես արդեն 40 տարի է՝ աշխատել եմ, աշխատում եմ, ու իմ ձեռքերով է ամեն ինչն արվել, դա իմ երեխայի նման բան է ինձ համար, ես չեմ կարող դա վաճառել: Ճիշտ է, տարածված է, որ ինքը մենակ գարեջրի գործարան է, բայց ինքը գարեջրի գործարան է, հանքային ջրի գործարան է, լիմոնադների գործարան է, այսինքն՝ մի քանի գործարաններ միացած են իրար:
-Իսկ հիմա գործարանն ի՞նչ խնդիրներ ունի, որ մշտապես տեղեկություններ են շրջանառվում, թե այն փակման եզրին է:
-Ես՝ որպես սեփականատեր, տեղյակ չեմ այդ խոսակցություններից, որ գործարանը վաճառվում է: Մեր գործարանի վիճակն այնպիսին է, ինչպես ՀՀ-ում աշխատող բոլոր ձեռնարկությունների վիճակը: Բնականաբար, խնդիրներ ունենք: Ցանկացած արտադրությունում էլ տեխնիկական խնդիրներ են լինում, վաճառքի, հումքի խնդիրներ են լինում, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որ մշտական եղել են եւ պետք է լինեն: Եվ դա կապ չունի ո՛չ վարչապետի, ո՛չ էլ մեկ ուրիշի հետ: Ես ինչ ասում եմ, անկեղծ եմ ասում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ