ՓՈՂԻ ԴԵՄ ՉԵՆՔ ՊԱՅՔԱՀՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ ՀՀԿ-ի նոր կարգախոսը` «Հավատանք, որ փոխվենք», եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգախոսը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով այս մասին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բացատրել է, որ Օբամայի ժամանակ այդ կարգախոսը ճշմարիտ էր, քանի որ նա եկել էր փոխելու մինչ այդ եղած կացությունը, որը ստեղծել էին իր օպոնենտները: Իսկ Սերժ Սարգսյանն այդ կարգախոսն օգտագործում է 14 տարվա իշխանության առկայության պարագայում. «Հետաքրքիր է, թե ում ստեղծած վիճակն է ուզում փոխել եւ ինչու է ստեղծել մի վիճակ, որը պետք է փոխել»:
Նրա խոսքերով` այդ կարգախոսները ձեւավորվում են ինչ-որ գաղափարական խմբերի միջոցով. «Եթե նայենք այդ գաղափարական խմբերին, ՀՀԿ-ի ներսում դա այն երիտասարդների թիմն է, որն ինչ-որ ճանապարհով գնում կպնում է ՄԻԱԿ-ի ինչ-որ մի հատվածի: Սրանք են, որոնք կարգախոսներ են մեջտեղ բերել, փոփոխության մասին են խոսել: Փոփոխությունների ջատագովը Սերժ Սարգսյանի փեսան էր չէ՞, որ նշում է, որ նոր մարդիկ պետք է գան»:
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ո՛չ մեծամասնական, ո՛չ համամասնական ընտրակարգով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ չի ցանկանում պայքարել փողի դեմ: Ըստ նրա` երկրում փոփոխություններ են պետք, որին հասնելու երկու ճանապարհ կա` մեկն ընտրությունները, որն ԱՊՀ երկրներում չի գործում, իսկ մյուսը փողոցն է: «Այսօր աշխարհում բոլոր փոփոխությունները տեղի են ունենում փողոցի միջոցով»,-ընդգծեց նա: Բանավեճի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն իր հերթին նկատեց, որ փողոցային պայքարը փոփոխությունների, անշուշտ, կբերի, բայց արդյունքները կարող են խիստ անկանխատեսելի լինել:
 Անդրադառնալով ՀՀԿ համագումարում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթին` Կարապետյանը նկատեց, որ այն ուղղված էր երեք լսարանի` հանրությանը, դահլիճում ներկա լսարանին եւ արտաքին խաղացողներին: Ըստ ՆԺԿ ղեկավարի` Սարգսյանի ելույթը խոսում է այն մասին, որ դա պոպուլիզմ է, քանի որ չի նշվում իրավիճակից դուրս գալու որեւէ ճանապարհ: Նա խոսեց նաեւ ելույթի վերաբերյալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախագահին գրված բաց նամակի մասին, որտեղ, ըստ Կարապետյանի, փաստարկված եւ հստակ ամեն ինչ ներկայացված է:
Արամ Կարապետյանի համար Սերժ Սարգսյանի ելույթից անհասկանալի էր, թե ինչու էր նա համեմատականներ անցկացնում անցյալի հետ` նշելով, թե հիմա ավելի լավ է: «Եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակների հետ ենք համեմատում, ապա այն ժամանակ Հանրապետականն էր աջակցում նրան»,-ասաց Կարապետյանը, իսկ Բադեյանը պատասխանեց նրան. «Բա էլ ինչի՞ հետ համեմատենք, եթե ոչ մոտ անցյալի»:
Արամ Կարապետյանը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի լավատեսության մասին` հարցադրումով. «Եթե այդքան լավ է վիճակը երկրում, ինչի՞ եք դրսից բոլորից փող ուզում», ինչին ի պատասխան` Բադեյանն ասաց, որ չկա մի երկիր, որ պարտք չի վերցնում` չհերքելով, որ իրոք երկրում աղքատություն է, եւ այն գնալով աճում է:

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս