«Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել Ռուսաստանին նոր վարկերի համար»:
Դավիթ Սարգսյան News.am
Ինչպիսի՜ ուրախալի եւ հուսադրող լուր ֆինանսների նախարարի կողմից. Ռուսաստանին ունեցած մեր պարտքը դեռ չի ավելանա, առայժմ մի քիչ էլ շունչ քաշենք, բավարարվենք եղած պարտքով ու առկա ծանր վիճակով: Բայց Դավիթ Սարգսյանն ասում է` «Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել», այսինքն` հետագայում կարող է լավ էլ դիմել, լավ էլ վերցնել, մեր պարտքերն էլ ավելացնել, եւ դա էլ հիանալի պատճառաբանություն կլինի ժողովրդի էլ ավելի ծանրացած սոցիալական վիճակը եւ իշխանությունների թալանչիությունն արդարացնելու համար, կասեն` ժողովո՛ւրդ, դե, պարտքերի մեջ ենք, բա ի՞նչ եք ուզում:
«Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու մասին պայմանագիրը պետք է պատրաստ լինի մինչեւ 2014-ի մայիս: Մինչ այդ կավարտվեն մասնավոր սեկտորի հետ հանդիպումները, ու բացատրություններ կտրվեն»:
Վահրամ Ավանեսյան News.am
Ի՞նչ է նշանակում` բացատրություններ կտրվեն: Այսինքն՝ ամեն ինչ իրենք կորոշեն, պայմանագիրը կկազմեն ըստ իրենց քմահաճույքի, իսկ վերջում միայն բացատրությո՞ւն կտրվի: Էլ ո՞ւմ են պետք այդ բացատրությունները, եթե, միեւնույն է, ամեն ինչ որոշվում է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու: Բացատրությունները սկզբից պետք է տրվեին, որ այսօր մեր հասարակությունը գոնե իմանար, թե ուր է գնում, ինչ է այդ Մաքսային միությունը, եւ իմանալով որոշեր` կո՞ղմ է դրան, թե՞ ոչ: Բացի այդ էլ, տեսնելով էկոնոմիկայի նախարարի այս` ոչինչ չասող բացատրությունը, դժվար չէ եզրակացնել, թե հետո ինչ բացատրություններ կտան:
«Դուք ասում եք` մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի, ընդունում եմ… Բայց ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Բայց խնդրում եմ` չմոռանաք, էդ տունը նաեւ մերն է եղել մինչեւ Ձեր` այստեղ գալը, մենք էլ ենք այստեղ (ԱԺ-ում) աշխատել»:
Արամ Հարությունյան 168.am
Այո՛, բնապահպանության նախարարն էլ է ԱԺ-ում աշխատել, պատգամավոր եղել, եւ նրա այն ժամանակվա աշխատանքի որակն առանձնապես չի տարբերվել թե՛ մյուս պատգամավորների եւ թե՛ իր այժմյան աշխատանքի որակից: Հայաստանյան իշխանավորը մնում է հայաստանյան իշխանավոր` անկախ պաշտոնի փոփոխությունից: Մի շրջան կարող է կոճակ սեղմել, մի շրջան էլ` աշխատասենյակի բազկաթոռին բազմել, երկու դեպքում էլ աշխատում է ի վնաս ժողովրդի. սա այն հատկանիշն է, որն անպակաս է հայաստանյան պաշտոնյաների մոտ: «Չարություն անելն» էլ իրենց առաքելությունն է, քանի որ այլ կերպ իրենց պաշտոններին մնալ չեն կարող:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ