«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին եղբայրներ Արթուր եւ Արմեն Ավետիսյանները մաքսային ճանապարհով մոտ 10 մլն դրամի տեխնիկա էին տեղափոխել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, ինչի համար կալանավորվել էին: Պարզվում է՝ գրեթե նույն արարքն իրականացրել են նաեւ «Քեթրին գրուպ», «Սաս գրուպ» ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ընդամենը տուգանվել են 50.000 դրամով:
Եվ այսպես, ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. նոյեմբերի 28-ին Արթուր եւ Արմեն Ավետիսյանները Դուբայ-Երեւան չվերթով Հայաստան ապրանք են ներմուծել: Եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաեւ հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 10 մլն 98 հազար ՀՀ դրամի տեխնիկա: Այս հարցում Ավետիսյաններին օգնել են ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ, «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանն ու մաքսային տեսուչ Սարգիս Դանիելյանը, որոնք վաղեմի ծանոթներ են: Դեպքից հետո՝ այսօր, կալանքի տակ են գտնվում Ավետիսյան եղբայրներն ու մաքսային ծառայության երկու աշխատակիցները:
Իհարկե, նորմալ է, երբ մաքսային ծառայության առավել բարձրաստիճան աշխատակիցները, տեղեկանալով այն մասին, որ չհայտարարագրված ապրանքներ կան հայտնաբերված, դիմել են իրավապահների աջակցությանը: Սակայն անհասկանալի է, թե ինչու է ՊԵԿ-ն աշխատում երկակի չափորոշիչներով: Մի դեպքում շատ խիստ է, մյուս դեպքում՝ ընդգծված մեղմ:
Խոսենք օրինակներով. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, որը նոյեմբեր ամսին 47 փոխադրման ամփոփագրերով Հայաստան է ներմուծել բանան, դրա համար սահմանված հայտարարագիրը ճիշտ ժամանակին չի ներկայացրել: Ասել է թե՝ «Քեթրին գրուպ»-ի ներկայացուցիչը գործել է գրեթե այնպես, ինչպես Ավետիսյան եղբայրները, սակայն նրան կալանավորելու փոխարեն ընդամենը ընկերությանը տուգանել են 50 հազար դրամով: Միգուցե «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բադալյանը ե՞ւս Բագրատաշենի մաքսային կետում վաղեմի ծանոթներ ունի: Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը նախկինում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն էր, սակայն նա վաճառեց ընկերությունն իր մտերիմ ընկերոջը, եթե, իհարկե, այդ վաճառքը կարելի է համարել իրական գործընթաց:
Ինչեւէ, սա միակ դեպքը չէ, որ ՊԵԿ-ն արձանագրել է առանց պատշաճ հայտարարագրման Հայաստան մտնող ապրանքատեսակների մասին իրողություն, սակայն ընդգծված մեղմ է վարվել: «Ժողովուրդ»-ը դեռեւս դեկտեմբերի 7-ին գրել էր, որ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ն հոկտեմբեր ամսին՝ ի դեմս «Սաս գրուպ»-ի տնօրեն Սամվել Գզրարյանի, Բագրատաշենի մաքսային կետով Իռլանդիայից Հայաստան է ներմուծել 492 շիշ գինի, որը, սակայն, չի հայտարարագրել: Ու երբ սա բացահայտվել է, «Սաս գրուպ»-ը տուգանվել է 50.000 դրամի չափով:
Բայց սա այս ընկերության շուրջ միակ ուշագրավ պատմությունը չէ: Ինչպես եւ խոստացել էինք, ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ի կողմից թույլ տրված եւս մեկ խախտում, որը տեղի է ունեցել նախորդից մեկ ամիս անց՝ նոյեմբերին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սաս գրուպ»-ի տնօրեն Սամվել Գզրարյանն այս անգամ Մեղրու մաքսային կետով ընկերության անունով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ եւ դարձյալ չի հայտարարագրել: Արդյունքում՝ ընկերությունն էլի տուգանվել է 50.000 դրամով:
Համաձայնե՛ք՝ վատ բիզնես չէ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ