ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԷ

«Եթե Հայաստանը որոշում է գնալ Մաքսային միություն, ապա իր ինքնիշխանության մի մասը փոխանցում է Մաքսային միությանը»,-ըստ «Առավոտ»-ի ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նրա խոսքով` Հայաստանն այլեւս չի կարող խոսել ազատ առեւտրի գոտու մասին Եվրամիության հետ, որովհետեւ սակագների հարցը որոշելու է Մաքսային միությունը. «Հայաստանն այլեւս ազատ չէ սակագների սահմանման հարցում, որովհետեւ այդ իրավասությունը փոխանցում է Մաքսային միությանը: Արդեն Մաքսային միությունն է` որպես իրավական մարմին, այլ երկրների հետ բանակցություններ վարելու այդ հարցերի շուրջ»:
Պարոն Մորելի խոսքով, ՄՄ-ին անդամակցելով, Հայաստանը սոցիալ-մշակութային, քաղաքական ոլորտներում դեռ բաց է ու ինքնիշխան եւ պետք է իր ձեռքը վերցնի այդ ոլորտներն ու կարողանա ինքնուրույն գործել այդ ոլորտներում. «Եթե չհակառակվի, ապա Մաքսային միությունից նոր առաջարկներ կլինեն նաեւ այլ ոլորտներին վերաբերող»: Դեսպանի խոսքով, թեեւ Ռուսաստանը ոչինչ չի ասում` արդյոք անվտանգության հարցում երաշխիք տվել է Հայաստանին, թե ոչ, բայց. «Այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, շատերի մեջ առաջացնում է այն միտքը, որ Մաքսային միությանը միանալու գերխնդիրը Հայաստանի համար անվտանգության հարցն է եղել: Եվրոպան հարցականի տակ չի դնում, որ Ռուսաստանը, իր բազան ունենալով Գյումրիում, այդ ճանապարհով է անվտանգության երաշխիքներ տալիս: Հայաստանն ու Ռուսաստանը հին գործընկերներ են, միասին նույն ռազմական համագործակցության շրջանակներում են: Լուծելով Ղարաբաղի հիմնախնդիրը` նոր իրավիճակ կստեղծվի»:
Հարցին` ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելը ստվեր չի՞ գցում արդեն կատարված աշխատանքի վրա, պարոն Մորելը պատասխանել է. «Այն, ինչ արվել է, կարող ենք դրանց շուրջ համաձայնության գալ եւ իրականացնել: Մաքսային միությանն անդամակցելն աշխարհի վերջը չէ»:
Թ. Մ.

 

ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ` 2014-ԻՆ

Դեկտեմբերի 12-ին` կառավարության նիստից հետո, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին բավական ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա՝ արդեն ավարտվել են Մեղրու հէկ-երի նախագծային աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքները, հավանաբար, կսկսվեն հաջորդ տարի: Հիշեցնենք, որ Մեղրու հէկ-ի հիմնարկեքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2012թ. դեկտեմբերին: Շինարարության արժեքը գնահատվում է 323 մլն դոլար: Նախատեսվում է, որ այդ գումարը կտրամադրի Իրանը: Սկսած 2017-ից՝ 15 տարիների ընթացքում կայանի ամբողջ էլեկտրաէներգիան մատակարարվելու է Իրանին շինարարության ծախսերը փակելու համար: Դրանից հետո կայանը կանցնի Հայաստանի կառավարման տակ:




Լրահոս