Այս տարվա գրականության պետական մրցանակի շուրջ քննարկումները շարունակվում են եւ, ըստ ամենայնի, թեժացման միտում ունեն: Հիշեցնենք, որ համապատասխան հանձնաժողովը ընտրել է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի «Է» բանաստեղծությունների ժողովածուն։ Դրանից հետո հանձնաժողովի երկու անդամները՝ գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը եւ Հասմիկ Հակոբյանը, ՀԳՄ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել։
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Հասմիկ Հակոբյանի հետ: Վերջինս ասաց, որ մրցանակաբաշխության է ներկայացված եղել 48 գիրք, որոնցից շատերը, ըստ նրա, չեն բավարարել պետական մրցանակի չափանիշներին. «Ինչ-որ մեկը նույնիսկ իր ձեռագիր բանաստեղծություններն էր ներկայացրել»։ Ընտրվել է 12 գիրք, որոնք, ըստ Հակոբյանի, «հիմնականում որոշակի արժեք էին ներկայացնում եւ արժանի էին մրցակցության մեջ լինելու»։ Գրականագետը ցավով ասաց. «Մրցանակաբաշխությունների այս տխուր մթնոլորտը ստիպում է շատ ավելի հետաքրքիր գրքերի նաեւ չմասնակցել դրանց, եւ 2012-2013թթ. լույս տեսած շատ հետաքրքիր գրքեր չէին ներկայացվել»։ Որպես հետաքրքիր գործ` նա նշեց Շանթ Մկրտչյանի բանաստեղծական ժողովածուն, ապա ավելացրեց, որ Միլիտոնյանի «Է» ժողովածուի որոշ բանաստեղծություններ, որպես գրականագետ հավանելով կամ չհավանելով, չի կարող ասել, որ վատ գիրք է իր տեսակով, բայց պետական մրցանակի արժանի գործ չի համարում։ Ըստ նրա` ֆավորիտային էին Հրաչ Սարիբեկյանի եւ Գուրգեն Խանջյանի վեպերը։
Իսկ ՀԳՄ-ից դուրս գալու որոշումը վերջնակա՞ն է։ «Այս տարի եմ ՀԳՄ անդամ դարձել, բայց մինչ այդ էլ ես ու Արքմենիկը, այսպես ասած, մեր ընկերների ծիծաղին արժանանալով, մեր ուժն ու եռանդը ներդրել ենք։ Բայց հաճախ ՀԳՄ-ում շատ բան արել են ընդամենը նշում կատարելու համար, ինչը մեզ դուր չի եկել։ 2000-ի սկզբին Կարինե Խոդիկյանը «Գրական թերթ»-ում մեծ տեղ հատկացրեց երիտասարդներին, եւ մեկը մյուսի հետեւից տպագրվեցին տաղանդավոր երիտասարդներ Նարինե Ավետյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Աստղիկ Սիմոնյանը, Վահե Արսենը, ստեղծվեց գրական մթնոլորտ… Հովհաննես Գրիգորյանն էլ ուշադիր էր տաղանդավոր մարդու հանդեպ: Բայց այդ ամենը ոչ թե միության, այլ անհատների ջանքերով է արվել։ Մեր որոշումը վերջնական է. չենք ցանկանում հերթական անգամ հարվածի տակ դնել մեր գրական ջանքերը, գրականությունն ընդհանրապես։ Իսկ դա տեղի է ունենում, երբ ՀԳՄ-ն հայտնվում է հերթական սկանդալային պատմության մեջ։ Այդ դեպքում քննադատության սլաքն ուղղվում է միությանը, որը նույնանում է ժամանակակից հայ գրականության հետ, եւ այդ ամբողջ բացասական վերաբերմունքն ուղղվում է դեպի գրականությունը»,-ամփոփեց Հ. Հակոբյանը։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ