Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Վահիկ Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կարճել է. տուժող կողմը, վերագնահատելով իր գործողությունները, բողոքը հետ է վերցրել:
Ըստ մեղադրանքի՝ Վահիկը, 2014թ. հունվարի 27-ին տեղեկանալով համագյուղացի Անահիտ Գրիգորյանի կողմից իր հասցեին գյուղում անհիմն արտահայտություններ անելու մասին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարզաբանումներ ստանալու նպատակով, գնացել է Անահիտի առանձնատուն:
Ինչպես պարզել է նախաքննությունը, նշված հարցի շուրջ նրանց միջև տարաձայնություն ու վեճ է առաջացել, իսկ Վ. Միքայելյանը վեճի ընթացքում տուժողի կողմից իր աղջիկների հասցեին հնչեցրած արտահայտությունից զայրացած հյուրասենյակում դրված ձեռնափայտով երկու անգամ հարվածել է նրա աջ և ձախ ուսերին, որից հետո Անահիտը զանգահարել և կատարվածի մասին հայտնել է համայնքապետին:
Տուժողի այս քայլից կրկին զայրանալով՝ Վահիկ Միքայելյանը նույն ձեռնափայտով ևս երկու անգամ հարվածներ է հասցրել նրա կոնքի շրջանում՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տուժողը հարվածներ է ստացել ձախ ուսահոդի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, ձախ կոնքազդրային հոդի, ձախ ազդրի շրջանների մեկական արնազեղումների, ձախ ուսահոդի և ձախ կոնքազդրային հոդի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի ձևով:
Վահիկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառել), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով դատաքննություն նշանակվելուց հետո՝ նույն օրը, տուժողի կողմից դատարան դիմում է ներկայացվել, ըստ որի՝ տուժողը նախաքննության ընթացքում բողոքել է ամբաստանյալ Վահիկի դեմ, սակայն վերագնահատելով իր գործողությունները՝ հետ է վերցնում բողոքը, քանի որ գտնում է, որ նա արդեն ուղղվել է և զղջացել կատարածի համար:
Դատական քննության նախապատրաստական փուլում տուժողը կրկին պնդել է իր միջնորդությունը, իսկ ամբաստանյալը հայտնել, որ ընդունում է կատարածը, զղջում դրա համար: Ամբաստանյալը չի առարկել տուժողի միջնորդության դեմ և ևս խնդրել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ քրեական գործով վարույթը՝ կարճվի:
Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողի կողմից նրա հետ հաշտվելու պատճառաբանությամբ, իսկ քրեական գործով վարույթը կարճվել է՝ վերացնելով Վ. Միքայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատարանը գտել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի կարգով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված հանցագործության գործիք ձեռնափայտը, ենթակա է վերացման: