2011 հունիսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում, որոնց արդյունքում սպանվել էր Երեւանի քաղաքացի Արման Ենգիբարյանը: Ոստիկանության հաղորդմամբ` Արմանն այն մարդն էր, ով ուրիշների դռներն էր թակում եւ ներկայանալով որպես «ջրի մարդ»` կողոպտում բնակարանները: Արմանի հարազատները, սակայն, հրաժարվում են ընդունել իրենց որդուն հասցեագրված մեղադրանքը: Երեկ «Ժողովուրդ»-ը Ենգիբարյանների փաստաբան Էդմոնդ Մարուքյանից տեղեկացավ, որ գործը ՀՀ բոլոր դատական ատյաններով անցել է եւ հասել Եվրադատարան:
Ականատեսների հաղորդմամբ, երբ ոստիկանները հետապնդել էին հանցագործության մեջ կասկածվող տղամարդուն, նա մետրոյի մոտ` մարդաշատ վայրում, կրակել էր ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան` ոստիկաններից մեկը նախազգուշական կրակոց էր արձակել օդ, ապա կրակել Արմանի վրա եւ վնասազերծել նրան:
Այնուհետեւ տեղեկություններ տարածվեցին, որ Արմանը, ներկայանալով որպես ջրմուղի աշխատակից, փորձել է մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը, կասկածելով նրան, անմիջապես զանգել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները շտապ մեկնել են ահազանգի հետքերով եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Պարզվել էր, որ հետապնդվողը մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող 30-ամյա Արման Ենգիբարյանն է: Վերջինիս սպանության կապակցությամբ քրեական գործ հարուցվեց` ՀՀ քրեական օրենսգրքի 107 հոդվածի հատկանիշներով` hանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նշենք, որ ոստիկանին շքանշան տվեցին:
Հիշեցնենք, որ Ենգիբարյանների փաստաբան Է.Մարուքյանը դիմել էր դատարան` վերացնելու ՀՔԾ այն եզրակացությունը, թե մահացու կրակոց արձակած ոստիկանի գործողությունները եղել են իրավաչափ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց պարոն Մարուքյանի հետ` պարզելու համար, թե գործն ինչ փուլում է գտնվում. «Քրեական հետապնդումը դադարեցվել է` ոստիկաններին տալով գնահատական, որ իրավաչափ են եղել գործողությունները, այսինքն` այն, որ նրանք սպանել են Արման Ենգիբարյանին, լրիվ իրավաչափ է: Դրա արդյունքում մենք բողոքարկեցինք Կենտրոնի դատարան, որը մերժեց մեր բողոքը, հետո մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, այս դատարանն էլ մերժեց, մենք բողոքարկեցինք Վճռաբեկ դատարան, որը սույն թվականի փետրվարի 23-ին բողոքը հետ վերադարձրեց, մենք էլ գործն արդեն ուղարկել ենք Եվրադատարան»:
Ըստ որոշ լուրերի` Ենգիբարյանների փաստաբանն ամեն ինչ անում է գործին ընթացք չտալու եւ այն «փակելու» համար: Սակայն Մարուքյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները` նշելով. «Եթե ես նման նպատակ ունենամ, ես կբողոքարկե՞մ բոլոր ատյաններում, երեւի ոստիկաններն են նման տեղեկություն տարածել, բայց չգիտեմ` ինչ նպատակ է դա հետապնդում: Ենգիբարյանի հարազատների հետ կարող եք խոսել, իրենք գիտեն, որ գիշեր-ցերեկ այս գործով զբաղվում եմ, եւ սպառել ենք Հայաստանում եղած բոլոր իրավական ինստանցիաները եւ գործն ուղարկել ենք Եվրադատարան»:
Ի դեպ, նշենք, որ Արման Ենգիբարյանի հարազատները, ծնողները խուսափում են լրատվամիջոցների հետ շփումից. «Լրագրողների հետ կապը ես եմ պահում, մարդիկ իրենց ցավն ունեն, ի՞նչ խոսեն: Նշեմ, որ ավազակային հարձակումների հետ կապված երկրորդ քրեական գործը, ըստ որի` Արման Ենգիբարյանն ավազակային հարձակումներ էր գործել մի շարք բնակարաններ` գողանալով ոսկեղեն եւ այլ իրեր, ոստիկանությունում կարճվել է, տուժողներից ոչ մեկն իրեն չի ճանաչել: Իսկ էդ գողոնները, թե Արմանն է գողացել, ոչ մի տեղից չի հայտնաբերվել, այսինքն` նման բան չկա: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս գործը բացվի եւ ոչ թե փակվի»:
Մարուքյանը նշեց, որ իրենց կարծիքով` ոստիկաններն իսկական հանցագործին չեն սպանել. «Դա մեր կարծիքն է, Դուք ինչ գնահատական ուզում եք` կարող եք տալ, մեր կարծիքը նաեւ այն է, որ անգամ հանցագործին հետապնդելիս պետք է կիրառվող ուժը համաչափ լինի: Նրանք այդ հնարավորությունն ունեցել են` չսպանելով Արմանին, ուղղակի վիրավորել, վնասազերծել նրան: Ես վստահ եմ, որ Եվրադատարանն այս գործը քննելու է»:
ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ