ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Թովմասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնականով իր թեկնածությունը չի առաջադրելու: Նշենք, որ նա 2007 թվականին պատգամավոր էր ընտրվել Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքից: Թովմասյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ միայն համամասնականով է իր թեկնածությունն առաջադրելու:
-Պարո՛ն Թովմասյան, ի վերջո որոշե՞լ եք, Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք մեծամասնականով:
-Որոշել եմ, մեծամասնականով չեմ առաջադրվելու, բայց համամասնականով լինելու եմ: Չգիտեմ` ինչ լուրեր են տարածվում, բայց մենք ԲՀԿ-ի հետ ենք ու ԲՀԿ-ի համար էլ աշխատելու ենք, չգիտեմ` ինչ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
-Այսինքն` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնությա՞ն եք եկել:
-Դեռեւս ցուցակը չկա, նախնական էդպիսի պայմանավորվածություն կա, որ ես առաջադրվելու եմ համամասնականով, մեծամասնականով` չէ՛, որովհետեւ, ճիշտն ասած,  ես մտադիր չեմ 5 տարի եւս պատգամավոր մնամ: Եթե ես մեծամասնականով առաջադրվեի, ստիպված պետք է լինեի 5 տարի եւս պատգամավոր աշխատել:  Եթե ես անգամ հրաժարվեի պատգամավորական մանդատից, պետք է ծախսեր անեի եւ ընտրություններ կազմակերպեի… Կոնկրետ պարոն Ծառուկյանի հետ խոսել ենք, բայց ես Ձեզ էլի ասեմ, որ մինչեւ ցուցակը չլինի, քաղխորհրդի կողմից չհաստատվի, դեռեւս ոչ մի բան հստակ չէ:
-Բոլոր քաղաքական ուժերը խոսում են մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից, բոլորը դատապարտում են դրանց դերակատարներին: Սակայն ԲՀԿ-ին անդամակցում են այնպիսի քաղաքական դեմքեր` Վարդան Օսկանյան, Գրիգոր Գրիգորյան, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել մարտի 1-ի հետ: Մտավախություն չունե՞ք, որ դա կարող է նպաստել  ԲՀԿ վարկանիշի անկմանը:
-Ես չգիտեմ` ինչ, ով կապ ունի մարտի 1-ի հետ, կապ ունի, թե չունի… Չեմ կարծում, որ Օսկանյանի գալով` ԲՀԿ-ն կտուժի, ընդհակառակը, մեզ գրագետ եւ գաղափարապես հասուն մարդիկ ավելի են պետք: Բացառում եմ, որ նման բան լինի, իմ կարծիքով` Օսկանյանը մարտի 1-ի հետ  կապ չի ունեցել… կամ ինչի՞ պետք է  նրա անդամագրվելն ազդեր ԲՀԿ-ի վրա, դա ես միանշանակ բացառում եմ, նման բան լինել չի կարող:
-Բայց միայն դա չէ:  Վերջին շրջանում  անընդհատ ԲՀԿ-ականներ էին ձերբակալվում` թմրանյութեր պահելու կասկածանքով: Տաքսու վարորդի ծեծելու համար կալանավորվեց նաեւ Ծառուկյանի սանիկ Աշոտ Ավետիսյանը` Բանգլադեշի Համոն, այսինքն` այս դեպքերը եւս ԲՀԿ-ի վարկանիշի վրա ազդեցին: Չե՞ք կարծում, որ այս ամենից հետո ժողովուրդը ԲՀԿ-ին ձայներ չի տա:
-Ես, ճիշտն ասած, այդքան էլ տեղեկացված չեմ այդպիսի բաներից` ով ա զբաղվում թմրամոլությամբ, ով ոչ, բայց դե տարբեր կուսակցություններում էլ կան տարբեր մարդիկ, լավն էլ կան, վատն էլ, ես որ վատը չեմ տեսել: Դե ոստիկանության գործն է, իրենք կբացահայտեն` իրականում թմրամոլներ են եղել, թե չէ: Չեմ կարող ասել` պարոն Ծառուկյանի սանիկն է Ավետիսյանը, թե ոչ, նա կապ ունի ԲՀԿ-ի հետ, թե չէ, ամեն դեպքում, սրանից ԲՀԿ-ն չի տուժել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս