ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ԹՌՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա» ընկերությունը կարծում է, որ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի հետ խնդիրը լուծված չէ: «Արմավիա»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք գնացինք զիջումների: Բայց բանակցությունների ժամանակ ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններից հետո օդանավակայանը կրկին փոխում է որոշումը: «Արմավիա»-ում համարում են, որ խնդիրը դեռ լուծված չէ, եւ ոչ մի փաստաթուղթ ստորագրված չէ»:
Իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը news.am-ին ասել է, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները համաձայնության են եկել, ըստ որի` ավիաընկերությունը հետայսու եւս կշարունակի չվերթեր իրականացնել Երեւանի միջազգային օդանավակայանից: Նա նաեւ նշել է, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որով կազմվելու է օդանավակայանի առջեւ ընկերության պարտավորությունները մարելու ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի հարաբերությունները սրվել էին ընթացիկ ամսվա սկզբին: ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ «եթե «Զվարթնոց» միջազգային օդակայանը սպասարկող ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը չիջեցնի սպասարկման գները 25 տոկոսով, ապա իրենք կվերսկսեն հայտարարված եւ դադարեցված անժամկետ գործադուլը կամ կհայտարարեն ընկերության սնանկության մասին»:
Այնպես որ, գործադուլի վտանգն ամեն վայրկյան առկա է, ամենայն հավանականությամբ գործադուլը կշարունակվի նաեւ այսօր: Երեկ երեկոյան 20:40-ի Երեւան-Մոսկվա չվերթը չի կայացել:




Լրահոս