2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արսենը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինչ-որ շրջանակների հետ զրույցում ասել է, թե իր դեմ մահափորձ է կատարվել: Տուժողը կասկածներ ունի, որ կրակոցների հեղինակը «Մետալ Փրինս» ընկերության, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերն են:
Կրակոցների հետքերով
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արաբկիրի Գյուլբենկյան փողոցում, ժամը 01.25-ի սահմաններում: Առայժմ անհայտ անձը կրակել էր 28-ամյա Արսենի կրծքավանդակի ուղղությամբ, որից հետո նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արսենն իր կամքով է դուրս գրվել հիվանդանոցից` ասելով, որ չի ցանկանում այլեւս մնալ այնտեղ:
Եվ այսպես, ինչը կարող էր լինել կրակոցի պատճառը: «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Արսենն իր կասկածները հիմնավորել է հետեւայլ պատճառաբանությամբ` ինքը «Մեթլ Փրինս» ընկերությունում 10 % բաժնեմաս ունի եւ ընկերության տնօրինությունն իբր ամեն գնով ցանկացել է տիրանալ իր բաժնետոմսերին:
Տեղեկացնենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը, մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն է եւ նրա կինը` Մադլեն Թաշչյանը: Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում ընտրել էր բարետես արտաքինով, նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվել մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ` դրա դիմաց պահանջելով նրանցից սեռական ակտի մեջ մտնել իր հետ: Նշենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ-ին` գրանցվելով օֆշորային գոտում` բրիտանական Նեւիս կղզում. այն ունի երեք դուստ ձեռնարկություն` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ»:
«Մեթլ Փրինս»-ի աշխատակիցները` կասկածյալներ
Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` Արաբկիրում հնչած կրակոցներից հետո «Մեթլ Փրինս» ընկերության աշխատակիցներն այս օրերին հրավիրվում են ոստիկանություն եւ բացատրում, թե ինչ կապ եւ ինչ փոխհարաբերություններ ունեն Արսենի հետ:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց նախ պարզաբանում ստանալ «Մեթլ Փրինս»-ի տնօրեն Մադլեն Թաշչյանից, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան: Պարզեցինք, որ տիկինը հանրապետությունում չէ, ավելին` իրեն պատկանող ընկերությունը վարձակալությամբ հանձնել է կառավարման եւ անհետ կորել: Ոչ ոք չգիտի նրա տեղը:
Ուզում է իմանալ` ով կրակեց
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ կրակոցներից տուժած Արսենի հետ, ով ասաց, թե ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչի համար կամ ով կարող էր կրակել կամ պատվիրել կրակել. «Ինձ համար էլ է մութ, վերլուծություններ կատարել եմ, բայց այդ մասին վերջնական գնահատական կտան քննչական մարմինները: Կասկածներ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է»:
Դիտարկմանը, թե մեզ տեղեկություններ են հասել, որ դուք նաեւ իրավապահներին եք ասել, որ կասկածներ ունեք, թե Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներն են եղել հեղինակները եւ որ դա կապված է ձեր ունեցած 10 % բաժնեմասի հետ, Արսենը պատասխանեց. «10 տոկոսի հարցը թող մնա իմ անձնական գաղտնիքը, եւ հետո ես որեւէ մեկին չեմ մեղադրել»:
Հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքն անձամբ է կրակել իր ոտքին, որպեսզի բաժնեմասի հետ կապված խնդիրը հարթի, Արսենը չցանկացավ պատասխանել` նշելով, թե նման բան չի կարող լինել:
Կռիվ Կինոյի երկրորդ մասը
Եվ այսպես, ո՞վ է Արսեն Չիչյանը: Նա հայտնի է Բոդոլ մականունով: Դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին Արսենը եւ Էդգարը հարձակվել էին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա: Կոտրել էին մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, վնասել էին Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան: Քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան ոչնչացրել էին նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել Արսենի մորը, հորը եւ քրոջը:
«Ժողովուրդ»-ը Ախթալայի քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչ կապ ունեն նրանք Արսեն Չիչյանի հետ կատարված միջադեպի հետ, ով ասաց, թե իրենք որեւէ կապ չունեն այս միջադեպի հետ. « Մեր ընտանիքն ընդհանրապես կապ չունի եւ չգիտենք, թե ովքեր են հեղինակները»:
Արդյո՞ք Արաբկիրում հնչած կրակոցները 2012թ. միջադեպի շարունակությունն են, թե՞ իսկապես բիզնես խնդիրների համար են եղել, դեռ դժվար է ասել: Ժամանակը ցույց կտա:
Քնար Մանուկյան