Նախկին աշխատակիցները դժգոհում են ռեկտորից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Գյումրու մանկավարժական պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ նամակով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին` նշելով, որ նույն ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը եւ թույլ է տալիս մի շարք անօրինականություններ: Նրանց  նամակում նշված է նաեւ, որ Գրիգորյանն  ինստիտուտում ռեկտոր աշխատելու տարիներին մեծ հարստություն է դիզել եւ ունի մեծ թվով օբյեկտներ, խանութներ, տներ: Ռեկտորի գործունեություից դժգոհողների բողոքի հիման վրա նույնիսկ ՀՀ գլաավոր դատախազությունում ժամանակին քրեական գործ է հարուցվել, սակայն համապատասխան քննությունից հետո պարզվել է, որ բողոքի հավաստի հիմքերը բացակայում են:

Նշենք, որ  այս նամակի հեղինակները   դիմում են ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանդյանին, ՀՀ վերահսկիչ պալատին եւ ԱԱԾ-ին: Նամակում մասնավորապես նշված է, որ  Վարդեւան Գրիգորյանը ռեկտոր է նշանակվել  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորչությամբ,  որից հետո դարձել է  Գյումրիում մի քանի օբյեկտների սեփականտեր:

Ըստ հեղինակների` Գրիգորյանը շատ կարճ ժամանակահատվածում եղել է արտասահմանյան 10-ից ավելի երկրներում եւ այդ ամենը` ինստիտուտի հաշվին գրված գործուղումներով:

Նամակում ներկայացված է նաեւ, թե ինստիտուտի ռեկտոր Գրիգորյանն ինչ ունեցվածքի տեր է:

Այսպիսով, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված նամակի համաձայն` Գրիգորյանը Երեւանում ունի մեկ 120 քմ բնակարան, որը ստացել է պետության կողմից, եւ այն տալիս է վարձով` զանազան կազմակերպությունների եւ անհատների, ունի մեկ սեփական բնակարան, նաեւ` երկու սենյականոց բնակարան,  որտեղ ապրում է տղան, երկհարկանի տուն եւ հողատարածք Քասախ գետի մոտ, եւ  մեկ հատ չորս սենյականոց բնակարան Գյումրիում: Ըստ նամակի` վերջին բնակարանը նա նվեր է ստացել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից: Բացի այդ, նամակում նշված է,  որ ռեկտորին  է պատկանում նաեւ նախկին փոստի շենքն ամբողջությամբ` իր կից կառույցներով, որը տրված է վարձակալության  խանութներին, կուսակցության գրասենյակներին եւ օլիմպիական կոմիտեի մասնաճյուղին:

Նամակում նաեւ գրված է, որ «ՍՄԱԿ» ռեստորանի հարեւանությամբ Գրիգորյանն ունի խանութ, իսկ Արթիկ քաղաքում` մեծ կառույց, որն ավտոտեխսպասարկման կայան է, ունի գազալցակայան Մարալիկ քաղաքում, Ամասիայի տարածաշրջանում ունի մեկ գործող հէկ եւ եւս մեկ կառուցվող հէկ, որի հարեւանությամբ` նաեւ մի քանի հարյուր հեկտար հողատարածք: Այս ամենից բացի`նրան է  պատկանում նաեւ Ջաջուռ գյուղի մոտ գտվող ածխահանքը, որից ստացած շահույթը հասնում է հազարավոր դոլարների:

Նամակի հեղինակների պնդմամբ`  Գրիգորյանին է պատկանում նաեւ ինստիտուտի ներսում գործող ուսանողական սրճարանը, քսերոքսի կետը, հեռուստաստուդիան:  «Ոչ մի արժանիք չունեցող մարդը` առանց ամոթի արժանացել է հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր պարգեւների եւ տիտղոսների, նույնիսկ վաստակավոր մանկավարժի եւ այլն: Ինստիտուտը դարձրել է հարազատ բարեկամների հավաքատեղի, քույրը բնագիտա-աշխարհագրական ֆակուլտետի դեկան է: Երկու հարսները, հորաքրոջ հարսը բուֆետն են աշխատեցնում: Բաջանաղն ամբիոնի վարիչ է եւ ընդունելության քննությունների մշտական պատասխանատու քարտուղար: Մինչդեռ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում լռում են այս մասին, ինչի հետեւանքով էլ Գրիգորյանը 13 տարի է, ինչ ռեկտոր է աշխատում»,- նշված է նամակում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ եւ հետաքրքրվեց, թե որքանով են այս տեղեկությունները  համապատասխանում իրականությանը: Ըստ ռեկտոր Գրիգորյանի` նամակի հետեւում կանգնած են վերջերս աշխատանքից ինքնակամ ազատված դասախոսները: «Իմ տրամաբանությամբ իրենք պետք է լինեն: Իսկ ես որեւէ հէկ-ի հետ կապ չունեմ: Բայց 2000 թվականին իմ եղբայրը ածխահանքի տնօրեն է եղել, իսկ ես այդ ժամանակ ռեկտոր չեմ եղել: Չնայած այդ ածխահանքն այժմ չի աշխատում: Կամ դա ի±նչ կապ ունի իմ` ռեկտոր լինելու հետ»,- զարմացած հետաքրքրվեց ռեկտորը:

«Նախորդ տարի օտար լեզուների ֆակուլտետում, մի ուսանողուհի հանրապետությունից բացակայել էր եւ քննաշրջանի ընթացքում ինքն  ինստիտուտում չէր: Թունավոր հղիություն էր տարել եւ պետք է բուժվեր: Նրա մայրը` Կարինե Սուքիասյանն, ամբիոնի վարիչ էր եւ իրեն մոր խնդրանքով մի քանի դասախոսներ այդ ուսանողին գնահատականներ էին նշանակել: Մի քաղաքացի զանգել էր ու ինձ տեղեկացրել այդ մասին. թե դուք մի ուսանող ունեք, որ երկրում չէ, բայց ստանում է գնահատականներ: Ես ճշտեցի ու պարզեցի իրականությունը. խոսքը գնում էր ամբիոնի վարիչի դստեր մասին: Ես անմիջապես հրավիրեցի ռեկտորատի նիստ, խիստ նկատողություն տվեցի դեկանին` Սահականույշ Գրիգորյանին եւ այն դասախոսներին, որոնք գնահատական են նշանակել բացակա ուսանողին: Եվ դեկանին ազատեցի զբաղեցրած պաշտոնից, այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալուն  մնացել էր ընդամենը երեք ամիս:  Իսկ փոխդեկանին նշանակեցի ժամանակավոր պաշտոնակատար: Այս ամենից հետո նախկին դեկանը մնաց որպես դասախոս»,- ներկայացրեց ռեկտոր Գրիգորյանը:

Վ. Գրիգորյանի  պատմելով, սրա հաջորդ օրը` ազատված դեկանի ընկերուհիները մոտեցել են ռեկտորին եւ «սպառնացել»` պահանջելով, որ Սահականույշ Գրիգորյանը մնա  դեկանի պաշտոնում, հակառակ դեպքում իրենք կազատվեն աշխատանքից:

«Այսինքն` ոչ ոք իրենց աշխատանքից չի ազատել:  Իրենք ինքնակամ են ազատվել աշխատանքից: Այս հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց եւ համապատասխան քննությունից հետո պարզվեց, որ կոռուպցիոն երեւույթներ չկան: Այս պահին դժգոհող չորս դասախոսները չեն աշխատում ինստիտուտում: Խնդրեմ, եկեք Գյումրի ու հետաքրքրվեք, թե ինչպիսի ռեկտոր եմ ես»,- ասաց Գրգորյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս