ՏՈՒՆԸ ՁԵՌՔԻՑ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտանիքով որ տեղափոխվել էինք Երեւան, ես ինֆարկտ տարա եւ մի քանի տարի չկարողացա գնալ գյուղ:  2009 թվականին գնացի գյուղ ու տեսա` մեր տան կտուրը, պատուհանները փոխած է: Պարզվեց, որ հարեւանս ա փոխել»,-պատմեց Հրանտ Հովհաննիսյանը, ով դիմել էր մեզ իր խնդիրը բարձրաձայնելու համար:
Արագածոտնի մարզի Արթիկ գյուղի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը 1993 թվականին տեղափոխվել է Երեւան  եւ մի քանի տարի անց վերադառնալով գյուղ` պարզել է, որ իր հարեւան Ստեփան Վարդանյանը եւ նրա որդի Իշխան Վարդանյանն  ապօրինի ձեւով տիրացել են իր տանը եւ շինարարություն են իրականացնում:  Հրանտը դիմել է առաջին ատյանի դատարան եւ շահել դատը: Սակայն Ստեփան Վարդանյանը եւ իր որդին, չբավարարվելով դատարանի վճռով, բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան: «Դատարան ներկայացրին առքուվաճառքի կեղծ պայմանագիր, որտեղ նշված է, որ ես` Հրանտ Հովհաննիսյանս,  վաճառել եմ  իմ սեփական շինությունը` երկու սենյակ եւ մեկ միջանցք,  նույն գյուղի բնակիչ Իշխան Վարդանյանին»,-նշեց  Հրանտ Հովհաննիսյանը:  Խնդիրն այն է, որ պայմանագրում նշված չէ, թե այդ վաճառված շինությունը որ հասցեում է գտնվում:  Պայմանագրում եղած ստորագրությունները նույնպես խնդրահարույց են: Ըստ Հրանտի` կնոջ   ստորագրությունն ընդհանրապես չի համապատասխանում, իսկ իր ստորագրությունը շատ լավ են կեղծել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Հրանտն է ստորագրել: Վերջինս խնդրել է վերաքննիչ դատարանին, որ մյուս ստորագրություններն էլ փորձաքննություն անցնեն, սակայն դատարանում պատասխանել են, որ Հրանտի կնոջ ստորագրության փորձաքննությունը ժամանակավրեպ է: «Եթե նայենք, իմ կնոջ ստորագրությունն ընդհանրապես նման չէ. կինս ստորագրության վերեւից եւ ներքեւից նշաններ է դնում, որոնք այստեղ ընդհանրապես բացակայում են: Այսինքն` մեր քննիչների համար կարեւոր է միայն, որ իմ ստորագրությունը համընկնի, մնացածինը նշանակություն չունի»,-մեկնաբանեց Հրանտ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` այս ամենը փոխհամաձայնեցված գործողություններ են: Առաջին ատյանի դատարանում առաջին նիստի ժամանակ Ստեփան Վարդանյանը հայտարարություն է արել, որ գյուղում հանդիպելով Հրանտ Հովհաննիսյանին` պայմանավորվել են, եւ ինքը գնել է այդ տունը: «Հաջորդ նիստի ժամանակ հայտարարեց, որ էդ տունը թողել գնացել էինք, մեր տունը չի եղել, էդ լքված տուն ա եղել, ավերակ` հողին հավասարված, ինքն է սարքել: Բայց մեր տունը գյուղի ամենալավ տունն ա եղել»,-պատմեց Հրանտ Հովհաննիսյանը: Հարեւանները նույնպես դատարանում վկայություն են տվել, որ դա Հրանտի տունն է եւ լավ վիճակում է  եղել: «Ինձ մի հարց է հետաքրքիր, բա որ էս պայմանագիրը կար, ինչի՞ իրանք առաջին ատյանի  դատարանում չէին ներկայացնում: Մի տարի ձգվեց առաջին ատյանի դատը, մի տարի էլ քրեական գործի նախաքննությունը: Երկու տարի շարունակ այս պայմանագիրն ինչո՞ւ չէին  ներկայացնում դատարան»,-հարցրեց Հրանտ Հովհաննիսյանը:
Նշենք, որ դատական նիստը դեռ շարունակվում է: Սակայն Հրանտ Հովհաննիսյանը, այս անարդարություններից հուսալքված, Ֆրանսիայի դեսպանատան միջոցով դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` խնդրելով իրեն Թուրքիայում քաղաքական ապաստան տալ: «Կսպասեմ` դատարանը որոշումը կայացնի, ու կգնամ այս երկրից, այստեղ ապրելն անհնար է»,-եզրափակեց Հրանտ Հովհաննիսյանը:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս