Շները խլում են մեր դրական, իսկ կատուները`բացասական էներգիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-ամյա Դիանան շատ է սիրում իր շանը` Չառլիկին, ում հետ կիսում է իր ուրախ եւ տխուր պահերը. «Չառլիկն իմ ամենամոտ ու անբաժան ընկերն է: Երբ տխուր եմ լինում, նրա հետ խաղալով ցրվում եմ: Նա չի խոսում, հարցեր չի տալիս, սակայն ինձ ուժ է հաղորդում եւ բարձրացնում տրամադրությունս», -ասում է նա:

Հոգեբան Մարինե Մարտիրոսյանի խոսքով` կենդանու հետ երկարատեւ շփումը դրական է ազդում մարդու հոգեբանության վրա. վերջինս դառնում է ավելի շփվող, ուրախ եւ ոչ թե հոռետես, սկսում է ազատ արտահայտել իր զգացմունքները: Իսկ կենդանին, ըստ հոգեբանի, մարդու հետ երկարատեւ շփման արդյունքում հեռանում է իր արմատներից:

«Ինչու են ասում, որ կենդանիները նմանվում են իրենց տերերին: Բանն այն է, որ ապրելով տիրոջ կենցաղով` կենդանին դառնում է նրա ընտանիքի անդամը, մարդիկ սկսում են հարգել եւ որոշ մարդկային հատկանիշներ վերագրել դրան: Հաճախ են լինում դեպքեր, երբ տերերը ժառանգություն են թողնում իրենց ընտանի կենդանիներին, հավանաբար դա այն պատճառով է, որ դրանց վերաբերվել են մտերիմ մարդու կամ հարազատի պես` մոռանալով, որ դրանք ընդամենը շուն կամ կատու են»,-ասում է նա:

Հոգեբանը ծայրահեղություն է համարում նաեւ այն, որ շատերը «պրիստիժի համար են ընտանի կենդանիներ պահում. «Հաճախ եմ տեսնում աղջիկների, որոնց պայուսակի միջից դուրս են ցատկում փոքրիկ շնիկներ, սակայն զգում եմ, որ նրանք ոչ մի առումով կապվածություն չունեն իրենց շների նկատմամբ, կենդանին ծառայում է զուտ որպես դեկորացիա, ինչպես ականջօղը, հագուստը… Այսօր շունը, վաղը ամուսինը, ապա երեխան կդառնան նրա ոճի մի մասը…»:

Հոգեբանի խոսքով` միայն հաճույքի եւ ժամանցի համար չէ, որ պետք է պահել ընտանի կենդանիներ, անհրաժեշտ է մտածել նաեւ երկկողմ կապի եւ կենդանիների կատարած գործառույթների մասին, օրինակ` կատուներն ունակ են իրենց վրա վերցնել մեր բացասական էներգիան, մեր ցավը. «Երբ կատուն հիվանդանում կամ սատկում է, ասում են, որ իրականում նրա տերը պետք է մահանար: Հետաքրքիրն այն է, որ չնայած այդ հանգամանքին, նրանք ինքնուրույն են, անկախ: Իսկ շների դեպքում հակառակն է, նրանք կախում ունեն իրենց տերերից ու «կորզում են»նրանց դրական էներգիան»,-ասում է նա:

Հոգեբանը նաեւ տեղեկացնում է, որ ելնելով մեր խառնվածքից` մենք կարող ենք ընտրել մեզ համապատասխան ընտանի կենդանուն, օրինակ` բուռն էմոցիոնալ մարդիկ կարող են ունենալ շներ, իսկ ինքնամփոփ մարդիկ` կատուներ: Մ. Մարտիրոսյանը խորհուրդ չի տալիս մարդկանց ունենալ խամյակներ, քանի որ դրանք «կրծում են»տան առողջ էներգետիկ դաշտը: Ինչ վերաբերում է ձկներին, ապա դրանք ստեղծում են խաղաղության եւ հարմարավետության մթնոլորտ:

Հոգեբանի խոսքով` կարելի է միաժամանակ պահել ձկներ եւ թութակ, սակայն ձկների եւ կատվի համատեղությունն անցանկալի է համարում: Նա նաեւ խորհուրդ չի տալիս տանը միաժամանակ ունենալ երկու կատու. «Կա հետազոտություն, որ երկու կատուները, անընդհատ իրար հետ շփվելով, մոռանում են իրենց տիրոջ մասին, այսինքն` չեն կատարում իրենց գործառույթը, չեն ընկալում տիրոջ էներգետիկ դաշտը»,-ասում է Մ. Մարտիրոսյանը:

Ընտանի կենդանիների հավատարմության եւ նվիրվածության մասին կան բազում պատմություններ, սակայն մինչ այսօր վիճարկելի է` արդյոք կենդանիներն իրական սեր են տածում իրենց խնամատարների նկատմամբ, թե միայն բնազդային կապով են կապված նրանց:

Մարտինը 7 տարեկան էր, երբ հարեւանի շունը կծեց նրա ոտքը, եւ նա լացակումած տուն վերադարձավ. «Շատ էի վախեցել, ուղիղ մեկ ժամ լաց եմ եղել: Ինքս Գրաֆ անունով հովվաշուն ունեի, որին շատ էի սիրում: Գնացի ու գրկեցի նրան, որովհետեւ նա երբեք ինձ եւ ոչ մի երեխայի չէր ցավեցրել»,-ասում է 18-ամյա Մարտինը:

Պատմում է, որ հաջորդ օրն իրենց հարեւանուհին գալիս ու բողոքում է, թե Գրաֆը հարձակվել է ու վնասել իր շանը. «Փաստորեն շունս վրեժխնդիր էր եղել»,-ասում է նա: «Շան ձագուկները խորքային բնազդային կապով են կապված իրենց մայրերին, որովհետեւ նրանք խնամում եւ հոգ են տանում իրենց մասին: Երբ ձագուկներն անցնում են տերերի ձեռքը, այդ գործառույթը սկսում է կատարել մարդը, տվյալ դեպքում` Մարտինը: Շներն ունեն պաշտպանական բնազդ, Գրաֆի պարագայում դա շատ ուժեղ է եղել»,-շան արարքն այսպես է մեկնաբանում հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Շատերը տեսած կլինեն «Հատիկո`՝ ամենահավատարիմ ընկերը» ֆիլմը, որը նկարահանվել է իրական դեպքի հիման վրա: Դա պատմում է մի շան մասին, որն ամեն առավոտ տիրոջը ճանապարհում էր աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնում կայարան` դիմավորելու նրան: Մի օր, սակայն, Հատիկոն ստիպված էր սովորականից երկար սպասել տիրոջը, ով այդպես էլ չվերադարձավ աշխատանքից. դասախոսություններից մեկի ժամանակ սրտի կաթված էր ստացել եւ մահացել: Տիրոջ մահից հետո Հատիկոն 10 տարուց ավելի մնաց նույն տեղում` սպասելով եւ հույս ունենալով, որ մի օր տերն իսկապես կվերադառնա:

«Հոգեբաններն ընդունում են, որ կենդանիները նույնպես սեր են տածում մարդկանց նկատմամբ, սակայն բժիշկները համամիտ չեն մեզ հետ: Ըստ իս` Հատիկոն եղել է այն բացառիկ կենդանիներից, որն իսկապես սիրել է տիրոջը», -ասում է հոգեբան Մ. Մարտիրոսյանը: Նա նաեւ հավելում է, որ մարդիկ եւ կենդանիները շատ նման են իրար թե’ բնազդային, թե’ զգացմունքային առումով, միակ տարբերությունն այն է, որ մարդիկ օժտված են կարեկցելու հատկությամբ:

Նազենի Բաղդասարյան




Լրահոս