ԴՐՎԱԳՆԵՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊԱՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնի է վիրտուալ կյանքում իր ակտիվությամբ: Վարչապետության հատկապես սկզբնական ամիսներին նա շատ էր խոսում բլոգներից, կիբեր տարածությունից եւ շատերի համար անհասկանալի նման այլ բաներից: Ակնհայտ է, որ դրանով վարչապետի PR-շչիկները ցանկանում էին շեշտել Տիգրան Սարգսյանի խելոք ու ժամանակակից լինելը: Սակայն, ինչպես եւ սպասելի էր, հասարակությունն արագ հոգնեց վարչապետի նման պահվածքից:
Ինչեւիցե, մեր վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունի իր էջը, որտեղ, բացի վարչապետի պաշտոնական գործունեության մասին պատմող լուսանկարներից եւ հաղորդագրություններից, տեղադրվում են նաեւ քաղաքացիների կողմից հղումներ կամ դիմումներ: Դատելով որոշ մեկնաբանություններից` վարչապետն անձամբ կամ էջի ադմինիստրատորի միջոցով հաճախ է ջնջում «ոչ տեղին» խոսքերը եւ ԶԼՄ-ներից հղումները:
Այսպիսով` ի՞նչ է գրված վարչապետի էջում. օրինակ` Վարդ Գրիգորյանը, խոսելով գրքերի թանկացման մասին ու դիմելով վարչապետին, գրում է. «Ստացվում է, որ մեր տխմար կառավարությունը, նախարարներն ամեն ինչ անում են վիճակը վատացնելու համար: Ես վաղուց հասկացել եմ, որ մեր կառավարությանը պետք չեն գրագետ, խելացի, ազատ մտածող մարդիկ, ու այս իմաստով հեչ էլ զարմանալի չէ իրենց արարքը»:
Առհասարակ մեր քաղաքացիները շատ են բողոքում, որ պաշտոնատար անձանց ֆեյսբուքյան էջերից արագ հեռացվում են բողոքներն ու քննադատությունները, այդպիսին է նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի էջը, որն ունի ամենաքիչ թվով հավանողները: Համեմատության համար ասենք, որ Տիգրան Սարգսյանի էջն ունի տասներկու հազարից ավել հավանողներ, իսկ Սամվել Նիկոյանինը` ընդամենը 392: Իսկ առհասարակ, նույնիսկ վարչապետի կողմից տեղադրվող լուսանկարներին մարդիկ ավելի պակաս ուշադրություն են դարձնում, քան այլ սովորական ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի: Օրինակ` Տիգրան Սարգսյանի մոտ տեղադրված ամենից շատ հավանողներ ունեցող նկարը 2011 թվականի հոկտեմբերի 12-ին տեղադրված ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տղաների լուսանկարն է, որն  ունի ընդամենը  874 հավանող, 57 կիսվողներ եւ 15 թողնված մեկնաբանություն (լավագույն արդյունքն է), իսկ, օրինակ, օգտատեր Վահրամ Թաթիկյանի` ս/թ փետրվարի 21-ին տեղադրված Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հին լուսանկարը հավաքել է 1830 հավանող, 290 կիսվողներ, մյուս օգտատերերից օրինակ Զոհրապ Եգանյանի կողմից մարտի 3-ին տեղադրված լուսանկարներից մեկը հավաքել է եւս ռեկորդային 1785 հավանող, 103 կիսվողներ եւ 93 մեկնաբանություն: Եթե սրան էլ գումարենք ՀՀԿ երիտթեւի գործոնը, ապա ստացվում է, որ վարչապետին «Ֆեյսբուք»-ում էլ առանձնապես չեն սիրում:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս