Մարտի 13-ին շարունակվեց 2010 թվականի հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Ներկա չէին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նիստում շարունակվում էր գործով վկա ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցերին պատասխանալիս վկան մե՛կ հիշում էր որոշ մանրամասներ, մե՛կ էլ ասում, որ չի հիշում, քանի որ դեպքից շուրջ 2 տարի է անցել: Այդ առթիվ փաստաբան Գեւորգյանը նկատեց. «Տարօրինակ է, որ լավ բաները հիշում եք, իսկ կարեւոր բաները չեք ուզում հիշել»:
Վկան հայտարարեց, որ քննիչներն իրեն ծանոթացրել են վկայի իր իրավունքներին, եւ որ ինքը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից, սակայն քիչ անց, հարցերին պատասխանելով, ասաց, որ 9 օր գտնվելով ռազմական ոստիկանությունում, իր բառերով` «4 պատերի մեջ», իրեն ճնշված է զգացել: Հրանտ Գեւորգյանի հարցերը զայրացրին ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Մխիթար Մխիթարյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Ալվարդ Մնացականյանին, ով մի քանի անգամ միջամտեց Հ. Գեւորգյանի հարցապնդումներին: Դատական նիստի ընդմիջմանն Ա. Մնացականյանն ասաց, որ փաստաբան Հ. Գեւորգյանը, գործելով հօգուտ իր պաշտպանյալի, ցանկանում է զորամասի վիճակն ավելի վատ ներկայացնել, ինչը վնասում է իր պաշտպանյալների շահերին: Սակայն Հ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վկային տված իր հարցերը նման նպատակ չեն ունեցել, դրանցով ինքը բացահայտում է այն իրողությունը, որ զորամասում եղած ոչ կանոնադրական հարաբերությունները չեն եղել Ա. Նազարյանի մահվան պատճառը:
Տավուշ