Երեկ Երեւանի Մաշտոցի այգում, մինչ նստացույցի մեկնարկը, տեղի ունեցավ բաց քաղաքացիական դատավարություն: Ինչպես նշեցին դատավարության մասնակիցները, նման դատավարություն Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, եւ այս ամենը միտված է քաղաքացիական հասարակության զարգացմանը: «Այստեղի վճիռը մեզ համար կունենա իրավական ուժ, եւ մենք կվարվենք մեր ազատ ու անկախ դատարանի վճռով: Դատարանն ավելի շատ երդվյալ ատենակալների դատարանին է նման, եւ մեկ դատավոր չէ, որ վճիռ է կայացնելու»,-ասաց բնապահպան ակտիվիստներից մեկը: «Դատարանը» ուրբաթ օրը կհրապարակի վճիռը: Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները քաղաքապետարանից պահանջում են ապամոնտաժել պուրակում տեղադրված կրպակները: Ըստ tert.am-ի` ողջ դատավարության ընթացքում տեղում ծառայություն էին իրականացնում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, որոնց աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը: Այգում էին գտնվում նաեւ մտավորականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք ողջ ընթացքում հետեւում էին տեղի ունեցող գործընթացներին: Հ. Գ. Օրվա վերջում բնապահպանները հաղորդագրություն տարածեցին, որ ոստիկանությունն արգելում է իրենց վրաններ տեղադրել` նստացույցը սկսելու համար: «Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սակայն մենք չենք պատրաստվում ընկրկել»,-մասնավորապես ասված է տարածված հաղորդագրության մեջ, որից տեղեկանում ենք, որ այգին լիքն է ոստիկաններով, ու գնալով շատանում են: