Դերասան ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ` «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Իսահակ Խորենիչի դերակատարը, բավականին անկեղծ գտնվեց եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չխուսափեց եւ ոչ մի հարցից, խոսեց ցավալի փաստերի մասին: Ի դեպ, դերասանը ծնվել, մեծացել է Թիֆլիսում, բայց արդեն 17 տարի է` բնակվում եւ աշխատում է Երեւանում: Սկզբում Հ1-ում ֆիլմեր էր կրկնօրինակում, հետո «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալում էր խաղում, այնուհետեւ Հ1-ի «Լքյալներ»-ում, հետո նորից վերադարձավ «Շանթ»: Հիմա էլ աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում:
-Ասում են` «Արմենիա» հեռուստաընկերությունը, համեմատած այլ ալիքների, ամենից բարձրն է վարձատրում:
-Ես 3 ալիքում եմ աշխատել, երեւի թե իսկապես այսօր ամենաբարձրը «Արմենիա»-ի վճարն է: Բայց ես դա նորմալ եմ գնահատում: Չէ՞ որ մենք հաճախ ենք լսում` այսինչ ֆուտբոլիստին այսինչ թիմը գնեց իր ակումբի համար այսքանով: Եթե դու այդ մարդուն չես կարող պահել այս գումարով, ուրեմն նրան կպահի ուրիշը: Այստեղ միայն գումարը չի խոսում, այլեւ գնահատականը: Հետագայում նկատեցի, որ «ՀՁՀ»-ում ելույթ ունեցող դերասանը չի երեւում «ԿՀՁ»-ում: Ի տարբերություն երգիչների, որոնք ամեն ալիքում էլ կան: Երեւի դերասանները պայմանագիր են կնքում, այնպես, ինչպես ես եմ կնքել: Մինչ տարեվերջ պայմանագիր ունեմ «Արմենիա»-ի հետ:
-Այսինքն` մի ամբողջ տարի Ձեր ոտքը կապված է լինելու «Արմենիա» հեռուստաընկերության հետ:
-Պայմանագրի համաձայն` այդ ամբողջ ժամանակահատվածը ես լինելու եմ նրանց աշխատողը:
-Իսկ պայմանագիրը խախտելու դեպքում ի՞նչ է սպասվում:
-Տուգանք, բայց արդեն դատարանի միջոցով: Կա՛մ ես կվճարեմ, կա՛մ նրանք` նայած ով է խախտել պայմանները:
-Բոլո՞ր դերասաններն են պայմանագիր կնքում հեռուստաընկերությունների հետ:
-Միայն նրանք, որոնք աշխատավարձ են ստանում, ոչ օրավճարով նկարահանվողները: Ի վերջո, ֆիլմը հիմնվում է մի քանի դերասանի վրա, եւ պայմանագրի առկայությունը միանգամայն հասկանալի է:
-Ասացիք` դեռ 1 տարի էլ աշխատելու եք, դրանից հետեւություն, որ «Դժվար ապրուստ» սերիալը կտեւի եւս մի տարի՞:
-Կարծում եմ` այո՛: Իսկ եթե չշարունակվի, ինձ կառաջարկեն ուրիշ աշխատանք կամ կվճարեն, բայց քանի որ ոչ մեկը մյուսին հենց էնպես չի վճարում, ուրեմն ինձ կառաջարկեն նոր աշխատանք: Դա բնական է, պետք է աշխատես, որ վճարեն:
-Վերջիվերջո, բոլորը հացի խնդիր են լուծում:
-Էն էլ էսօր ու մեր երկրում, որտեղ սոցիալական կենսամակարդակը միջինից էլ ավելի ցածր է: Ես սա ասում եմ որպես անհատ, ով ապրում է այս երկրում: Վիլյամ Սարոյանը մի անգամ ասել է, հետո էլ Պարույր Սեւակն իր բանաստեղծության մեջ կրկնել է նույնը. «Մի գլխով դժվար է ապրելը», «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է», իսկ թե որտեղ, չեմ կարող ասել: Քաղաքական հարցերի մեջ չկամ, բայց կա մի ճշմարտություն` թատրոնը երկրի փոքր մոդելն է:
-Բայց մեր թատրոնն այսօր ոչ այդքան լավ վիճակում է:
-Ահավոր է, բայց ամբողջ աշխարհում է այդպես, չկարծեք, թե Լոնդոնում կամ ԱՄՆ-ում լավ է: Մի այլ ճշմարտություն էլ կա` արվեստագետը չի կարող սոված լինել:
-Բայց ուրիշ արտահայտություն էլ կա` սոված արվեստագետ:
-Դա սովետի ժամանակ էին ասում: Աշխարհում ամենաթանկ գնահատվող մասնագիտություններից մեկը դերասանն է, իսկ մեզ մոտ այն ամենացածր վարձատրվողն է: Մի բան էլ կա, որ չէի ուզի խոսել այդ մասին: Երբ չգիտես` ով է դրսից գալիս, նույնիսկ ոչ այդքան հայտնի մեկը, մարդիկ պատրաստ են վճարել 20-25 հազար դրամ, որ գնան, նրան տեսնեն, իսկ մեր տոմսերին` 750-2000 դրամ, չեն ուզում գումար տալ: Ցավալի է, բայց փաստ: Եթե իմ աշխատավարձի չափն ասեմ, կծիծաղեք:
-50 հազար դրա՞մ:
-Դե իմը մի քիչ բարձր է, բայց չի կարելի էդպես: Դա էլ այն դեպքում, երբ դու գոնե առանց վերարկուի տանը նստելու համար միայն գազի դիմաց պետք է 80 հազար փող տաս:
-Արդեն հասկանալի է` ինչու են դերասանները թատրոնից շեղվում սերիալ` չնայած, որ դրա համար արժանանում են քննադատության:
-Նախ` ընդհանրապես պետք չէ քննադատել, չէ՞ որ դա հենց դերասանի գործն է, ուրիշ ոչ ոք չպիտի դա անի: Դերասանի մասսայականությունը հեռուստատեսությամբ նաեւ հանդիսատեսի մուտք է ապահովում թատրոն, ուզում են գալ նաեւ բեմում տեսնել այդ դերասանին:
-Վերջերս մի նախաձեռնություն եղավ` գիրք տոմսի փոխարեն: Կարծում եմ, այդ օրը թատրոնը բավականին մարդաշատ էր:
-Մի քանի հոգի ավել եկավ, օրինակ` ես ինքս իմ տանից գիրք չէի տանի, կգնայի կառնեի, բայց իմ գրքերից չէի տանի, ուրեմն ինչքան այդ գիրքը մարդուն պետք չէ, որ բերել տալիս է: Չնայած, բոլոր դեպքերում, այդ նախաձեռնությունը ողջունելի է, գիրքը տեղ է հասնելու, հետո էլ մարդն իր ոտքով է եկել թատրոն: Մի հաղորդում կա` «Արդյոք ովքե՞ր են», օրեր առաջ Թումանյանի նկարն էին ցույց տալիս, մի քանի հոգուց ընդամենը 2 հոգի ճանաչեց: Ես խելագարվում եմ, որ Միշել Փֆայֆերին գիտեն, բայց Թումանյանին` ոչ: Ու այդ երկու հոգուց էլ մի հոգին կարողացավ մի տող ասել Թումանյանից: Չեն կարդում, այս սերունդը համարյա թե չի հետաքրքրվում գրականությամբ:
շարունակելի
«ԹԱՏՐՈՆԸ ԵՐԿՐԻ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ