ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր երեխան` Կարեն Գրիգորյանը, բնակվում է Քաշաթաղի վերաբնակեցման տարածքի Տիգրանավան գյուղում: Միակողմանի ծնողազուրկ լինելու պատճառով Կարենը ստանում է նպաստ: Երկու տարի երեխան տեղափոխվել է Ջերմուկ քաղաք, որտեղից տեղեկանք ենք վերցրել, որ նպաստ չի ստացել: Հիմա այդ տեղեկանքը ներկայացնում ենք Քաշաթաղում, որ ստանանք 16 ամսվա չտրված նպաստը, բայց մերժում են: Խնդրում եմ ասել, թե ինչպես լուծում տանք այս հարցին:

Սիլվա Ավագյան, 45 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին համար 727 որոշմամբ 1999թ. հունվարի 1-ից հանվել են մինչ այդ հանրապետությունում գործող տարաբնույթ նպաստների եւ առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների համակարգերը, եւ անցում է կատարվել մեկ միասնական ընտանեկան նպաստի համակարգի: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` պետական նպաստ ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Ինչ վերաբերում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակչուհի Սիլվա Ավագյանի որդու` Կարեն Գրիգորյանի հասանելիք նպաստն իր բնակության վայրում ստանալու հարցին, ապա տեղեկացնում ենք, որ այն կարգավորվում է ԼՂՀ-ի օրենսդրությամբ, որտեղ եւ պետք է դիմի քաղաքացին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի խոսքով` լոլոներ: Բայց լավ կլիներ, Հայաստանի Հանրապետությունում հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության վրա չբարդեին: Այդպես ավելի լուրջ կլիներ:




Լրահոս