ՍՈՎԵՏԸ ՄԱՀԱՑԱՎ ԵՎ ՀԱՐՅԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 87 տարեկան հասակում մահացավ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նրան իրավամբ համարում էին նախկին ԽՍՀՄ-ի կենդանի լեգենդ, ով մարմնավորում էր նախկին կայսրությունը: Զարմանալի զուգադիպությամբ, Շեւարդնաձեի մահը համընկավ ՀՀ Արմավիրի մարզում ընթացող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային հանդիպման հետ: Առաջին հայացքից կարող է անհեթեթ ու անտրամաբանական թվալ այս զուգահեռի անցկացումը: Բայց միայն առաջին հայացքից: Իրականում Հայաստանի այսօրվա իշխանությունները նախկին կոմունիստական վարք ու բարքի ամենաուղիղ կրողներն են, ովքեր 21-րդ դարում զբաղված են ամենաէժան, ամենապրիմիտիվ պոպուլիզմով, պրոպագանդա-ագիտացիայով, որ անգամ լճացման տարիներին իրեն թույլ չէր տա քաղբյուրոյի ծերակույտը: Ու զավեշտալին այն է, որ նրանք հավատում են, թե վարչական միջոցներով «բերման ենթարկվածներին» հետաքրքրում է սահմանադրական բարեփոխումների հարցը, կամ նրանց համար ընկալելի է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքն այն մասին, թե «ես ուզում եմ, որ իմ երեխաներն ապրեն մի երկրում, որտեղ չինովնիկը նրանց ճակատագիրը չի որոշում, որտեղ կա Սահմանադրություն… Հակառակ դեպքում պետք է ապավինենք իշխողների բարյացակամությանը»: Նկատենք, որ Գագիկ Հարությունյանն իշխանության կազմում էր, երբ սովետական կարգերին հրաժեշտ տվեցին Հայաստանում, ու, պարզվում է, նրա՝ ՍԴ նախագահության օրոք էլ կրկին հարություն առան դրանք:

 

Ազգային վիճակագրական ծառայությունն այս ամիս պետք է հրապարակի 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտագաղթածների ցուցանիշները: Մինչ այդ, սակայն, բավականին ուշագրավ փաստերի ենք հանդիպում առայժմ միայն օդային ճանապարհով հեռացած քաղաքացիների մասով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմում է 41 հազար 109 մարդ, այսինքն` այդքան մարդ մեկնել ու չի վերադարձել: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշն առանձնապես չի փոխվել. 2013-ին էլ մեկնել ու չէր վերադարձել 41 հազար 465 հոգի: Այսքանից հետո, թերեւս, դժվար չէ պատկերացնել, թե այս կիսամյակի ընթացքում որքան մարդ է արտագաղթել, մանավանդ որ արտագաղթողները հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով: Բայց, այնուամենայնիվ, սպասենք պաշտոնական վիճակագրությանը:

 
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում, ուշագրավ քայլ է արել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նա պատվիրակության կազմում Մոսկվա է տարել նաեւ թարգմանչի եւ այնտեղ ռուս պաշտոնյաների հետ շփվում է բացառապես հայերենով: Պատվիրակության անդամ ԱԺ պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին այդ փաստը: Համաձայնեք՝ օրինակելի պահվածք է: Հիշեցնենք, որ ՌԴ տոնի առթիվ ՌԴ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը եւս Սահակյանը ներկայացել էր թարգմանչի ուղեկցությամբ: Սահակյանն այդ քայլին գնաց այն բանից հետո, երբ ԱԺ հյուրընկալված ռուս լրագրող-պաշտոնյաները դժգոհել էին, որ ՀՀ-ում տաքսիստները ռուսերեն չգիտեն եւ այդ լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ: Փաստորեն Գալուստ Գրիգորիչը որոշեց ըստ արժանվույն մատուցել հայոց լեզվին, որպես ՀՀ պետական լեզվի, եւ դրանով պատասխանել ռուս պաշտոնյաների արտահայտած անընդունելի հայտարարություններին:

 

«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել է ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: Նա նախօրեից գտնվում է տասնօրյա արձակուրդի մեջ, եւ ըստ աղբյուրի` արձակուրդից հետո այլեւս չի վերադառնա իր պաշտոնին: Սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն, ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, ներկայում Հայաստանում չէ, մեկ շաբաթից կվերադառնա արձակուրդից: Իսկ մինչ այդ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը. թեեւ պաշտոնանկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Նշենք, որ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության մասին լուրին նախորդեց երեք ուշագրավ հանգամանք. առաջին՝ դատախազությունը լուրջ ուսումնասիրություններ է կատարել ՔԿՀ-ներում ու բազում խախտումներ հայտնաբերել (չի բացառվում նաեւ «սեւ փողեր»), երկրորդ՝ հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ ոճրագործ Նաիրի Հունանյանին վիրահատել են: Եվ երրորդ՝ այս ընթացքում քրեական մի շարք հեղինակություններ ծեծի ենթարկվեցին հենց կալանավայրերում:

 




Լրահոս