ԱՌԱՔՅԱԼ ՄԱՐԶՊԵՏԸ
Երեկ ողջ օրվա ընթացքում քննարկվում էր, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Կողբ համայնքում օծվել է Սբ. Հովհաննես եկեղեցում, որից հետո եկեղեցու պատին հայտնվել է նաեւ նրա լուսանկարը: Բանն այն է, որ «Խորհրդավոր ընթրիք» նկարը, որում Հիսուս Քրիստոսը նստած է իր 12 առաքյալների հետ, այնտեղ պատկերված է նաեւ Հ. Աբովյանի նկարը: Բայց թե ինչու է մարզպետը որոշել իր համար նման անակնկալ անել եւ իրեն «դասել» առաքյալների շարքում՝ անհասկանալի է: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Հովիկ Աբովյանից, սակայն վերջինիս հեռախոսը մինչեւ օրվա ավարտ այդպես էլ մնաց անհասանելի: Նշենք միայն մի բան, որ վերջին ժամանակահատվածում հայ պաշտոնյաները սովորություն են ձեռք բերել եկեղեցի կառուցել ու այն անվանել իրենց անվամբ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ Արտաշատում եկեղեցի է կառուցել ու իբր թե ընտրել է սրբի անուն ու այն անվանել Սուրբ Հովհաննես: Իսկ Երեւանում Հրայր եւ Աննա Հովնանյանների հովանավորությամբ կառուցվող եկեղեցին էլ անվանվել է Սուրբ Աննա:
ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՎՃՌԱԲԵԿ
2014թ. Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ, ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանի հարազատներն օրերս դիմել են Վճռաբեկ դատարան` բեկանելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն` անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ անչափահաս Ն.Ա.-ին ամուսնության նպատակով փախցնելու հետեւանքով Էդիկ Ազմանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ որոշումն անփոփոխ էր թողնվել: Ազմանյանի քույրը՝ Էլմիրան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ եթե Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունի, ինքը վախենում է պատկերացնել, թե ինչ քայլեր կձեռնարկեն եզդիները: «Այս պահին աղջիկը մեզ մոտ չի մնում: Գնում-գալիս է: Հիմնականում ծնողների մոտ է լինում: Նրա մոր վիճակն է կտրուկ վատացել. ապրումների հետեւանքով ներվային համակարգը խախտվել է, ու սկսել է դժվար քայլել: Էդիկի վիճակն էլ օր օրի վատանում է, չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում»,- ասաց եզդու քույրը` հավելելով. «Թե ուր է հասել քննությունը, ինչ ընթացք է ստանում, այդպես էլ չեն ասում: Իսկ մեր նախագահ Թամոյանի հետ ընդհանրապես հույսեր չենք կապում. երբ զանգում ենք, ասում է` լավ չեմ զգում ինձ, հիվանդ եմ»,- շարունակելով խոսքը` նշեց Էլմիրա Ազմանյանը: