ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Աստանայում հայտնի նախապայմանի հնչեցումը ոչ թե Ն. Նազարբաեւի, այլ Վ. Պուտինի որոշումն էր:
-Պարոն Աթանեսյան, այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածության էսկալացիա է նկատվում, որը դրսեւորվում է պարբերական դիվերսիաներով, կրակոցներով ու մարդկային զոհերով: Ինչո՞վ եք դա բացատրում եւ ինչպիսի՞ն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը:
-Անհանգստանալու խնդիր առանձնապես չկա, որովհետեւ 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո սահմանի վրա նմանատիպ կրակոցներ ժամանակ առ ժամանակ լինում են: Ճիշտ է, 1-2 ամիսների ընթացքում հակառակորդի կողմից զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, բայց ասել, որ դա 20-ամյա զինադադարի միակ կամ առաջին դեպքն է՝ ճիշտ չէ: Կարծում եմ՝ այսօր արտառոց իրավիճակ չէ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ վերջերս էլ Նախիջեւանի սահմանի վրա հրադադարի խախտման դեպք գրանցվեց, բայց կարծում եմ՝ դա այլ դեպք է, լուրջ խնդիր է, որն այլ քննարկման առարկա է:
-ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր կրակոցի պատասխան է տրվելու: Արդյո՞ք համաչափ է նման արձագանքը:
-Ես կարծում եմ, որ ընդհանրապես զինադադարի համաձայնագիրը պետք է հարգել, բայց եթե հակառակորդը չի հարգում, մենք ունենում ենք կորուստներ, ապա բնական է, որ հակառակորդը պետք է արժանի հակահարված ստանա, ինչպես պատերազմի ժամանակ: Փորձում են առավելագույնը մեծ վնաս հասցնել մեր զինվորներին, հետեւաբար իրենք պետք է արժանի հակահարված ստանան:
-Դեռեւս մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի ԼՂ հարակից տարածքները, որոնք, ըստ նրա, «օկուպացված են»: Օրերս էլ 7 շրջանների վերադարձի մասին խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆֆերնը: Ինչպե՞ս են նման հայտարարություններին վերաբերվում Արցախում:
-Խնդրի կարգավորման բոլոր փուլերում նման առաջարկություններ եղել են, հնչել են նման տեսակետներ, ու Հայաստանի 3 նախագահների իշխանության տարիներին որեւէ այլ հարց, որեւէ այլ հայեցակարգ չի եղել դրված բանակցությունների հիմքում: Դա միջազգային միջնորդության մոտեցումն է, այն առումով, որ միջազգային միջնորդները խնդիրը բաժանում են երեք մասի: Իսկ Ուորլիքը կրկնել է այն, ինչը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Միշտ էլ հայտարարել են, որ օկուպացված է, ուրիշ ի՞նչ են ասել, կա՞ այդպիսի միջազգային փաստաթուղթ, միջազգային միջնորդի մի հայտարարություն, որտեղ այդ տարածքները բնորոշված լինեն որպես հայկական կողմից պատմական արդարությունը վերականգնելու համար ազատագրված տարածքներ: Նման բան չկա: Չե՞ք հիշում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեպքը, երբ նա օգտագործել էր «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որից հետո ստիպված եղավ բացատրել, թե դա անգլերեն բառ է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը:
-Շատ վատ: Բայց համանախագահները, որպես դիվանագետներ, ոչինչ չեն որոշում, դրա համար քննադատությունը պետք է ուղղել համանախագահ երկրների առաջնորդներին` Վ. Պուտինին, Բ. Օբամային, Ֆ. Օլանդին: Այսինքն` այս երկրները կամա թե ակամա պարտավորություն են ստանձնել այդ խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակներում` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունք: Հիմա եթե այդ ամենի մոդուսը չեն գտնում, դա արդեն իրենց խնդիրն է: Եթե նայում ենք մեր ընկալմամբ, ապա պետք է Ադրբեջանը մեկուսացվի, քանի որ հրադադարի ռեժիմը մշտապես խախտող կողմը նա է:
-Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ու հորդորել իր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել՝ սահմանին իրավիճակը լիցքաթափելու համար: Այդ հանդիպումից հետո որեւէ փոփոխություն նկատվո՞ւմ է:
-ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն էլ քաղաքական էր` ուղղված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Նրա՝ տարածաշրջան այցելությունը եւ մի դիտարկում անցկացնելն, այսպես ասած, հերթական քաղաքական ակցիա էր: Կրկնում եմ՝ կողմերը պետք է հարգեն զինադադարի համաձայնագիրը, եթե կան այդ կրակոցները, բայց չկա այդ կրակոցների համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ, լծակ, ապա իրավիճակը մնալու է այնպիսին, ինչպիսին կա:
-ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված եւս Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում, ու անգամ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւն ընթերցելով Ալիեւի նամակը նշեց, որ ՀՀ-ն պետք է առանց Արցախի անդամակցի…
-Դա Նազարբաեւի հայտարարությունը չէր, դա ՌԴ նախագահի հայտարարությունն էր: Այդ հայտարարությունը կարող էր անել նաեւ Բելառուսի նախագահը, բայց քանի որ Նազարբաեւը թուրքախոս երկրի առաջնորդ է, Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ կան բավականին ջերմ հարաբերություններ, նպատակահարմար գտան, որ այդ նամակը հնչի Նազարբաեւի շուրթերից:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ