ԿՈՄՍՈՄՈԼՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ երեկ ՀՀ սփյուռքի փոխնախարար է նշանակվել անկուսակցական Արմեն Հայրապետյանը, ով 2011-2012թթ. արդեն մեկ անգամ եղել է այդ պաշտոնին: Սփյուռքի փոխնախարարն, ի դեպ, պատահական մարդ չէ: Ավելին՝ թեեւ հիմա նա անկուսակցական է, սակայն ժամանակին եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ, ասել է թե` նախկին կոմսոմոլ Հրանուշ Հակոբյանի կադրերից է: Ու քանի որ մյուս կողմից էլ ծնունդով Արարատի մարզից է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի «համերկրացին», դժվար չէ կռահել պաշտոնական այս առաջխաղացման պատճառները: Հայրապետյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ 1992թ. առ այսօր «Մարկ ինտերնեյշնլ» ՍՊԸ սկզբում փոխտնօրենը, հետո` գլխավոր տնօրենն է, իսկ այդ ընկերությունը «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ներկայացնում է «Սամսունգ» ապրանքանիշը եւ «Սամսունգ» խանութների ցանցը:
3000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ն արդեն քանիցս անդրադարձել էՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուց հետո վերջինիս դեմ «Ամերիկայի հայկական ֆորում»-ի սկսած ստորագրահավաքին: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն շուրջ 3000 ստորագրահավաք է հավաքվել նրա դեմ: Նախաձեռնության մամուլի խոսնակ Գեւորգ Արյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ստորագրահավաքին միանում են նաեւ ՀՀ-ից. «Կան նաեւ ամերիկահայեր, մեծ մասը Երեւանից է եղել: Ամերիկահայերը կազմակերպել են, բայց մասնակցում է ամբողջ հայությունը, Եվրոպայից, Ավստրալիայից, Կանադայից բոլոր հայերը միացել են ստորագրահավաքին»: Մեր դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց անուններից ինչ-որ մարդիկ են միանում այդ ստորագրահավաքին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հնարավոր չէ, եթե դու քո փասվորդը չասես, ինչպես կարող է մեկ ուրիշը միանա քո անունից»: Գ. Արյանը նշեց, որ ստորագրահավաքի ժամկետը մինչեւ հինգշաբթի օրն է:
ՀԱՐԿ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Երեկ ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտնել էր, որ Արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Օմբուդսմենն արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկացրել է ԱՆ նախարարին այս անթույլատրելի խնդրի մասին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել՝ համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունը հարկ եղած դեպքում կպատասխանի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱՆ մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «ՀՀ արդարադատության նախարարությունը մշտապես անդրադառնում է բարձրացվող կարեւոր հարցերին: Հարկ եղած դեպքում կտրվի մեկնաբանություն»: