ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
ԾԵԾԱԾ ՏԵՂԸ ԾԵԾԵՑ
Երեկ երեկոյան Սեւան քաղաքում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել։ «Ծառերի բերքը հավասարվել է գետնին, կարտոֆիլի թփերն ու բոլոր տեսակի բանջարեղենը հավասարվել են հողին, խայտառակ վիճակ է։ Վերջին հույսն էլ բնությունը մարեց»,-NEWS.am-ին փոխանցել է Սեւանի բնակչուհի Ա. Մելքոնյանը։ Երեկ գրեթե նույն ժամին ուժեղ կարկուտ է տեղացել նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում, որտեղ մեծ վնաս է հասցվել բնակիչների գույքին եւ ցանքատարածություններին։ Իսկ Վանաձորում սելավաջրերը լցվել են բնակիչների տները։ Asparez.am-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Շիրակի մարզի Գետք-Երազգավորս գյուղերի հատվածում, կարկտահարությունից տուժած գյուղացիները փակել են Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը: Նշենք, որ մինչ այդ էլ մի քանի օր շարունակ նույն ավտոճանապարհը փակել էին Արտենի եւ հարակից գյուղերի բնակիչները:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ին հայտնել է, որ հուլիսի 3-ին ԲՀԿ-ն անդամակցել է «Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխիչների դաշինքին»: Դեռեւս նախորդ շաբաթ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն դուրս է եկել Եվրոպայի լիբերալ դեմոկրատների խմբակցությունից եւ անդամակցել է պահպանողականների խմբակցությանը: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը, Զոհրաբյանը պատասխանել է. «Ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն չի անդամակցել Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությանը, մենք ընդամենը եղել ենք այդ կուսակցության ԵԽ ԽՎ խմբակցության կազմում: Իսկ հուլիսի 3-ից անդամակցում ենք «Պահպանողականների եւ բարեփոխիչների դաշինք» կուսակցությանը»:
ՆՎԵՐ Է ՄԱՏՈՒՑԵԼ
Օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Նրա խոսքերով՝ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին եւ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով ու գումարներ փոխանցելով: Իսկ հարցին՝ արդյո՞ք այդ «լավության» գումարներից վարչապետը կամ Ն. Կճոյանը իրականում չեն ստացել, փաստաբանը պատասխանել է, որ նման ապացույց սույն գործում չկա: Հետաքրքիր է՝ նման «սյուրպրիզ» ինչո՞ւ էր մատուցում հենց Սարգսյան-Կճոյան զույգին:
ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Երգչուհի Նունե Եսայանը երեկ աղջիկ է ունեցել: Henaran.am-ի փոխանցմամբ՝ փոքրիկին անվանել են Ելիզաբեթ:
ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության՝ երեկ մեկնարկած համատեղ կոլեգիայի նիստին ռուսական կողմը ներկայացրել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը: